Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա սիրածս աղջկան առաջին դատավարությանս օրերին գրած գաղտնի նամակն է». Պարույր Հայրիկյան

00:30, հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ.
«Սա սիրածս աղջկան առաջին դատավարությանս օրերին գրած գաղտնի նամակն է». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա սիրածս աղջկան առաջին դատավարութեանս օրերին գրածս գաղտնի նամակն է։ Բնօրինակը առ այսօր պահպանուած է։ Թէ ինչպէս եմ կարողացել գրել ու խուզարկութիւնների միջով դատարան հասցնել ու իրեն փոխանցել, էական չէ։ Անունը (նաեւ սկզբնատառը) այստեղ փոխում եմ․․․ Չգիտեմ, երբեւէ տպագրե՞լ եմ, բայց նոյնիսկ եթէ տպագրել եմ ու չեմ յիշում, ուրեմն իմաստ ունի վերստին հրապարակել։ Այսօր գտայ անսպասելի մի տեղում, բայց կարող էի եւ չգտնել։ Տեսնում եմ, որ բանտային անորոշ ապագայի առջեւ կանգնած քսանամեայ երիտասարդի տուայտանքներով լի գրութիւն է։ Յուզական է, զգացմունքային, բայց խօսքս չեմ դրժել՝ հրաժարուել եմ իրենից նաեւ իր փոխարէն ամբարտաւորօրէն որոշում ընդունելու իրաւունք ինձ վերապահելով։ Ես ոչ թէ 6 կամ 7 տարի ստացայ, այլ ընդամենը 4, բայց նամակս հետ ստացայ 18 տարի անց։ Ահա այն․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․«Իմ անգին բարեկամ, գուցե այս երկտողով ես վերջին անգամ եմ անհանգստացնում քեզ եւ, եթե ես կամք ունենամ, իսկապես, սա կլինի իմ վերջին նամակը։ Ա․․․, իմ թանկագին, մի կարծիր, թե ես եսասեր եմ, ո՛չ, ես գիտեմ իմ
     իրավունքները եւ կարծում եմ, բանականությունս ինձ չի թույլատրի դառնալ զգացմունքներիս գերին։ Հիշո՞ւմ ես, Ա․․, 1969 թվականի մարտի 29‐ին՝ մեր վերջին հանդիպման ժամանակ, դու ինձ ասացիր, գուցե բողոքո՞ւմ էիր (համենայն
     դեպս իրավունք ունեիր), որ ես քեզ չեմ ասել, որ քեզ սիրում եմ։ Ահա ասում եմ, ՍԻՐԵԼԻՍ, դու ինձ համար ամեն ինչ ես··· զարմանո՞ւմ ես, հակասո՞ւմ եմ ինքս ինձ· ո՛չ, ես ուզում եմ վերջին անգամ անկեղծ լինել քեզ հետ եւ բաժանվել որպես
     բարեկամ։ Ուզում եմ, որ դու նույնպես ինձ հիշես որպես անկեղծ ընկերոջ։ Հասկանում եմ, վիրավորում եմ քեզ այս նամակով, դիպչում քո անկեղծությանն ու
     հավատարմությանը, քո սիրուն։ Ես միայն գիտակցում եմ, որ իրավունք չունեմ եւ վերջ։ Մի կարծիր, թե հոռետեսորեն եմ տրամադրված կյանքի նկատմամբ։ ես դեռ
     երիտասարդ եմ եւ դեռ ԻՆՉԵ՜Ր ՈՒՆԵՄ ԱՆԵԼՈՒ։ Միակ բանը, որ խնդրում եմ քեզանից, այն է, որ պահես այս նամակս (ինչպես պարզվեց ուրիշ բան իմ իրերից
     չես ունենալու՝ այրված են) եւ, եթե թեկուզ 6 տարուց հանդիպելու լինենք (որպես միայն ծանոթներ, ես մինչ այդ կկարողանամ իմ սրտում սպանել իմ Ա․․․-ին) վերադարձնես ինձ։ Ես քեզ նամակ չեմ գրի ու չեմ հիշացնի իմ մասին։
     Չգիտեմ, դու այսօր դատարան կգա՞ս, թ՞ե՝ ոչ, բայց ես այնքա՜ն կուզեի մեկ անգամ եւս տեսնել քեզ, զգալ քո կարեկցող սրտի կուսական հուզմունքը, տեսնել այն աչքերը, որոնք թաց էին ու թախծոտ··· Ավելին, ի՞նչ թաքցնեմ, կուզեի համբուրել
     այդ թաց աչքերը եւ··· Ա․․․, դու իդեալական աղջիկ ես, հազվագյուտ։ Շնորհակալ եմ քեզանից ամենից առաջ իբրեւ գաղափարական ընկերոջից։ Գործը բացվեց, տուժեցինք, ի՞նչ անենք։ Հայրենիքը զոհեր է պահանջում, եւ մենք այդ
     զոհերն ենք։ Եվ ի՞նչ զոհ· շատ‐շատ 7 տարի (մե՜ծ բան)։ Ծնողներիս բարեւիր իմ կողմից եւ մայրիկիս խնդրիր (իմ անունից) իմ մասին բոլորովին չմտածել ու
     հետեւել իր առողջությանը։
     19 փետրվարի 1970 թ․»·

6374 | 3
Facebook