«Հին-նոր վարչապետը նշանակվեց հին Նոր տարում». միջազգային մամուլ
Միջազգային մամուլն անդրադարձել է այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակմանը: «Այսօր՝ 2019թ. հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, վարչապետի պաշտոնում է նշանակել Նիկոլ Փաշինյանին»,- գրում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը: Գործակալությունը նշում է, որ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել էր «Իմ քայլը» խմբակցության կողմից, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, իսկ 15 օրվա ընթացքում, գործակալության հաղորդմամբ, պետք է ձևավորվի ՀՀ նոր կառավարությունը: «РИА Новости»-ն՝ հայտնելով վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակման մասին, ներկայացնում է նրա կենսագրությունը: «Փաշինյանը կրկին նշանակվեց վարչապետի պաշտոնում: Առաջին անգամ նա վարչապետ նշանակվեց անցած տարվա մայիսին՝ բողոքի զանգվածային ալիքի ֆոնին: Ցուցարարները դժգոհում էին Սերժ Սարգսյանի և նրա կուսակցության կառավարումից»,- գրում է «Радио Озодлик»-ը: «Вести»-ի տեղեկացմամբ՝ Փաշինյանը, ով կառավարության ղեկավարի պաշտոնակատարն էր, նշանակվեց այդ պաշտոնում նոր խորհրդարանի առաջին նիստի օրը: «Հին-նոր վարչապետը նշանակվեց Հին Նոր տարում»,- ասվում է «Sputnik Казахстан»-ի հոդվածում: Գործակալությունը հիշեցնում է, որ անցած տարի Փաշինյանի ներկայացրած հրաժարականը նպատակ ուներ արձակել Ազգային ժողովն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, իսկ դեկտեմբերին նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը հավաքեց ձայների 70,43%-ը: «Dailysabah»-ը «պատմական» է որակում դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններն ու հայտնում այսօր վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակման մասին: «Malaymail»-ը մեջբերում է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ՀՀ նախագահի այն հայտարարությունը, որ «դեկտեմբերի 9-ի ընտրությունները բարձր լեգիտիմություն են տվել խորհրդարանին»: «43-ամյա նախկին լրագրողը խոստացավ արմատախիլ անել կոռուպցիան և պայքարել աղքատության դեմ»,- նշում է պարբերականը: «Deutsche Welle»-ն՝ հայտնելով նշանակման մասին, ներկայացնում է կադրեր մայիսյան թավշյա հեղափոխությունից: Վարչապետի նշանակմանն անդրադարձ են կատարում նաև Xinhuanet-ը, Journal du Cameroun-ը, Eurasia Diary-ն, ուկրաինական, ղազախական, տաջիկական, թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները: |