Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

Ժիրայր Սեֆիլյանն իր զորակցությունն է հայտնում Զարուհի Մեջլումյանին

16:55, երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ.
Ժիրայր Սեֆիլյանն իր զորակցությունն է հայտնում Զարուհի Մեջլումյանին

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶՈՐԱԿՑՈՒՄ ԵՄ ԶԱՐՈՒՀԻ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ.

Անընդունելի և վրդովեցուցիչ է երկար տարիներ մարդու իրավունքների և արդարության համար մասնագիտական բարձր մակարդակով, անաչառորեն և անձնական զոհաբերությունների գնով պայքարած Զարուհի Մեժլումյանի դեմ կազմակերպված հրեշացման քարոզարշավը:

Ակնհայտ է, որ այդ քարոզարշավը կազմակերպել է տարիներ շարունակ պետությունը զավթած հանցավոր համագործակցության մնացորդներից վերկազմավորված 5-րդ շարասյունը:

Այն հանցավոր համագործակցության, որ կատարել է սպիտակ ցեղասպանություն, հարյուրավոր քաղաքացիների սպանություններ, Հայրենիքի դավաճանություն և բազում այլ առանձնապես ծանր ոճրագործություններ: Որի ներկայացուցիչները, այդ թվում՝ Զարուհի Մեժլումյանի դեմ քարոզարշավ կազմակերպողները, չունեն խիղճ և մարդկայնություն, այլ առաջնորդվում են միայն անձնական ու կլանային շահերով: Մարդիկ, որ բանտում լինելու փոխարեն մնացել են հասարակության շարքերում և դավ են նյութում մեր պետականության ու ազգի դեմ:

Եվ այս քարոզարշավն էլ այդ դավի մի մասն է: Իսկ նրանք, որ ակամա ազդվում են դրանից, ըստ էության, մասնակից են դառնում այդ դավին:

Անշուշտ, մինչ օրս մեր հասարակության համար շատ ցավալի վերք է Իոսիֆ Աղաջանյանի սահմռկելի սպանությունը: Ես նույնպես վշտակցում եմ Աղաջանյան ընտանիքին և խոնարհվում եմ Իոսիֆի հիշատակի առաջ: Սակայն պետությունը և հասարակությունը չեն կարող գոյատևել առանց իրավունքի և արդարադատության, առանց ներման և հաշտության:

Եվ Զարուհին ընդամենը պայքարում է իրավունքի և արդարադատության համար:

Հատկապես այս դեպքում, երբ խիստ կասկածելի են գործի քննության արդյունքներն ու դատավճիռը, երբ դրանցով մեղավոր ճանաչված Մհեր Ենոքյանն իր ներկայիս սոցիալական, հոգեբանական և իրավագիտակցական կարգավիճակով միանգամայն ընկալելի է որպես հասարակության լիարժեք անդամ, հասարակությունն առնվազն պարտավոր է լսել և ընկալել դեպի իր գիրկը վերադառնալու նրա խոսքը:

Իմ զորակցությունն եմ հայտնում Զարուհի Մեժլումյանին և հորդորում եմ մնալ տոկուն ու նպատակասլաց, նաև նկատի ունենալ, որ հասարակության միտքն ու հոգին պղտորելու միջոցով դավեր նյութող 5-րդ շարասյան կյանքը շատ կարճ է տևելու, իսկ դավադիրներն ստանալու են իրենց օրինական ու արժանի պատիժը»:

| | |
8090 | 3
Facebook
COMMENT.am