Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ Միրզոյանն ընտրվեց ԱԺ նախագահ

14:55, երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ.
Արարատ Միրզոյանն ընտրվեց ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ ընտրվեց այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Արարատ Միրզոյանը: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 131 կողմ, 0 դեմ:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանին առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

«Շնորհակալ եմ վստահության բարձր քվեի համար, որը չափազանց պարտավորեցնող է: Այժմ մոտենալու եմ խմբակցությունների ղեկավարներին՝ շնորհակալություն հայտնելու»,- ասաց նա:

Կենսագրություն

Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին Երեւանում:

2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Պատմաբան: 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Պետական ծառայող, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: 2005թ.՝ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու:

2003-2005թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 2005-2007թթ.՝ Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ:

2007-2010թթ.՝ «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնագետ: 2011-2012թթ.՝ «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալության վերլուծաբան: 2012-2013թթ.՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող, 2012թ. (հոկտեմբեր)-2013թ. (փետրվար) դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015թթ. եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար, 2014-2017թթ.` Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թ.՝ կուսակցության վարչության անդամ:

2017-2018թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ելք» խմբակցության անդամ:

11.05.2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ առաջին փոխվարչապետ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.):

Հեղինակ է հայաստանյան եւ միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

5038 | 1
Facebook