Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Իշխող խմբակցությունը պետք է մերժի ԵԱՏՄ հանձնաժողով ստեղծելու առաջարկը. «Սասնա Ծռեր»

19:05, երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ.
Իշխող խմբակցությունը պետք է մերժի ԵԱՏՄ հանձնաժողով ստեղծելու առաջարկը. «Սասնա Ծռեր»

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը՝ ԱԺ ԵԱՏՄ հարցերի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ.

«ԱԺ-ում ընդդիմադիր դերի հավակնող երկու կուսակցություներից մեկը՝ Լուսավոր Հայաստանը, որն, ի դեպ, իրեն դիրքավորում է որպես արևմտյան կողմնորոշման քաղաքական ուժ, հանդես եկավ ԱԺ ԵԱՏՄ հարցերի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

Իր այդ բացահայտ շրջադարձով այս ուժը հասկացնում է, որ այլևս այրել է արևմտյան արժեքների հետ իր կեղծ կամուրջը և առանց ձևականությունների հայտ է ներկայացնում ստանձնելու 5-րդ շարասյունը գլխավորելու դավաճանական գործառույթը:

Նույն դերին հավակնող մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, որ կրեմլահպատակության հարցում ավելի բաց է եղել և երբեք չի խորշել այն ցուցադրելուց, խանդի բռնկումով է վերաբերվել այս նախաձեռնությանը:

Ասպարեզից ՀՀԿ-ի հեռանալուց հետո ստեղծված իրավիճակում, վախենալով կորցնել կրեմլահպատակության հարցում առաջնային դիրք զբաղեցնելու հեռանկարը, ԲՀԿ-ն հայտատարել է, թե ԵԱՏՄ-ն իր մշտական ծրագրային գերակայություններից մեկն է և, որպես դրա ապացույց, վկայակոչել է նախորդ գումարումների ժամանակ արտահայտած իր հրապարակային դիրքրորշումներն ու առաջարկությունները, ինչպես նաև ՌԴ Պետական Դումայի՝ իշխող «Եդինա Ռոսիա» խմբակցության հետ 2009թ. կնքած և 2018թ-ին երկարաձգված համագործակցության հուշագիրը:

Հարեմում առաջին տիկնոջ կարգավիճակի համար մղվող պայքար հիշեցնող այս նողկալի, մեր ազգային արժանապատվությունը վիրավորող նշյալ մրցակցությունը լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և տնտեսական հեռանկարի համար:

Գաղտնիք չէ, որ Կրեմլը թշնամաբար է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և ամեն գնով ու ամեն կերպով փորձում է ձախողել դրանք՝ ջանք չխնայելով արտաքին և ներքին ճնշումներ բանեցնելու Հայաստանի նոր իշխանության վրա և նրա համար ստեղծելու նորանոր պրոբլեմներ ու թակարդներ:

Նման իրավիճակում ընդդիմությունը պետք է, ի պատասխան Կրեմլի գաղութատիրական ձգտումների՝ իշխանության համեմատությամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեր, որպեսզի իշխանությունը կարողանար հենվել դրա վրա և հավասարակշռել իրավիճակը հօգուտ մեր ազգային շահերի:

Մինչդեռ այսօրվա նուրբ իրավիճակում այսպես կոչված ընդդիմության կրեմլահպատակ վարքագիծն էապես նեղացնում է իշխանության գործունեության դաշտը՝ նրան կանգնեցնելով Կրեմլի հետ առճակատվելու կամ նրան ենթարկվելու կոշտ երկընտրանքի առաջ:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը համոզված է, որ իրավիճակն, այնուամենայնիվ, անելանելի չէ:

Հայաստանի այսօրվա իշխանությունը պետք է համոզված լինի, որ հատկապես ազգային արժանապատվության և ինքնիշխանության ու անվտանգության հարցերում ժողովուրդը և ԱԺ-ից դուրս գտնվող մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում՝ մեր ուժը, կանգնած են իր թիկունքին:

Այդ հանգամանքը հաշվի առնելով, իշխող խմբակցությունը պետք է վճռականություն ցուցաբերի ու մերժի ԱԺ ԵԱՏՄ հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը և միջոցներ ձեռնարկի ԵԱՏՄ-ում լինելու հետևանքով Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տնտեսությանը հասցվող էական վնասները չեզոքացնելու ուղղությամբ»:

| | |
1748 | 0
Facebook
COMMENT.am