Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինն է լինելու». Զառա Հովհաննիսյան

01:10, երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ.
«Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինն է լինելու». Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս, իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանի դեմ հրահրված ատելության ու վարկաբեկման գործընթացի սանձազերծող Նարեկ Մալյանը հայտնի է իր կնատյացությամբ ու կանանց հասցեին զրպարտանքներ ու ստահոդ լուրեր տարածելու ունակությամբ։ Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինն է լինելու։
     Դեռևս 2015 թվականին՝ Electric Yerevan շարժման ամենալարված օրերին, երբ Նարեկ Մալյանը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդականն էր, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիային մասնակցած Ելենա Օվսյաննիկովայի վերաբերյալ՝ նրան անվանելով սադրիչ-անբարոյական, «պրոֆեսիոնալ ու վճարվող խառնակիչ», որը մոտենում է ոստիկաններին ու սեքս է առաջարկում։ Նարեկ Մալյանը պնդում էր, որ Ելենա Օվսյաննիկովան, համաշխարհային մասշտաբի պրոֆեսիոնալ խառնակիչ է, հակապուտինիստ է, ով իսկույն այցելում է այնտեղ, որտեղ հնարավոր է որևէ հակառուսական ցույց կազմակերպել կամ եղած ցույցը շուռ տալ՝ դարձնել հակառուսական:
     «Լինելով ՌԴ քաղաքացի՝ նա ատում է սեփական երկիրը ու երկրի մայրաքաղաքը: Այսպիսի պրոֆեսիոնալ ու վճարվող խառնակիչների սարքած անկայուն իրավիճակի համար սահմանում մեր զինվորն է իր կյանքով հատուցելու: Այնպես որ հիշեք սրա դեմքը, տեսնելուց թքեք երեսին, ցույցին մոտիկ չթողնեք: ՍԹԱՓՎԵՔ!!!!!!», գրում էր իր Ֆբ էջում Նարեկ Մալյանը։ Աժմ էլ «Սթափվեք!!!!!»-ը փոխվել է «Հանգիստ նստեք տեղներդ, հանգիստ» արտահայտությամբ, սակայն կանանց դեմ հարձակումների բնույթն ու բառապաշարը մնացել են նույնը։
     Նարեկ Մալյանի այս սադրանքներին տրվեցին նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ ու այլ քաղաքացիներ, որոնք վստահեցին ու միացան ոստիկանապետի խորհրդականի գրառմանը։
     Հետագայում Ելենա Օվսյաննիկովան հայց ներկայացրեց ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի, ոստիկանության պետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ` պահանջելով դատարանին պարտավորեցնել պատասխանողներին հրապարակավ ներողություն խնդրել, հերքել իրենց (ոստիկանության դեպքում՝ իր պաշտոնատար անձանց) տարածած՝ իրականությանը չհամապատասխանող և Օվսյաննիկովայի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պարտավորեցնել Հունան Պողոսյանին, Նարեկ Մալյանին և Էդմոն Մարուքյանին իրենց արտահայտություններով պատճառած բարոյական վնասի համար վճարել փոխհատուցում:
     Օվսյաննիկովայի հայցը դատարանը մերժեց, բայց հանրությանը հայտնի դարձավ, որ Նարեկ Մալյանը զրպարտել է մի կնոջ, որը 2014 թվականի սկզբից հայազգի ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ ապրում էր Երևանում: 2015-ի հունիսին մասնակցել է Electric Yerevan բողոքի ակցիաներին: Իսկ Նարեկ Մալյանը՝ կնոջը վարկաբեկելու միջոցով լուծում էր միայն մեկ խնդիր՝ վարկաբեկել շարժումը, բողոքի ակցիաներն ու կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ լուծել իր խմբավորման խնդիրները։
     Այս ձեռագիրը ընկած է նաև այժմ՝ Զարուհի Մեջլումյանի ու նոր կառավարության դեմ սկսված հարձակումների շղթայի առանցքում»։

9821 | 6
Facebook