Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Լուկաշենկոյի սպառնալիքներին

16:40, ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ.
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Լուկաշենկոյի սպառնալիքներին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «միակ դաշնակցի կորստի» մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը:

«Բելառուսը մեր հուսալի դաշնակիցն է, գործընկերը: Մինսկի հետ ռազմավարական համագործակցության ընդլայնումը կասկածի տակ չի դրվում»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ ինտեգրման հարցերով զբաղվում է ռուս-բելառուսական աշխատանքային խումբը, իսկ կոնկրետ հարցերով պրոֆիլային գերատեսչությունների մակարդակով երկխոսություն է ընթանում:

Նշենք, որ նախօրեին Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է կորցնել «իր միակ դաշնակցին», եթե հրաժարվի Ռուսաստանում հարկային մանևրի համար բելառուսական կողմին փոխհատուցում տրամադրելուց, որը նավթի արտահանման տուրքի աստիճանական զրոյականացում և օգտակար հանածոյի արդյունահանման հարկի բարձրացում է ենթադրում: Այդ միջոցները, ինչպես ակնկալվում է, կհանգեցնեն Բելառուսի համար ռուսական նավթի արժեքի ավելացման:

Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հայտնել էր, որ փոխհատուցման շուրջ որևէ համաձայնության չկա: Իսկ այսօր Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկու երկրների հարաբերությունների բարելավման շուրջ բանակցություններ են վարում ԱՄՆ Պետքարտուղարության հետ:

10762 | 1
Facebook