Իսպանիայում հայկական հանցախումբ է վնասազերծվել, որը զբաղվում էր թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելով, հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով Եվրոպոլին:
Վնասազերծման արդյունքում ձերբակալվել է 15 մարդ։ Ընդհանուր առմամբ, գործով անցնող 83 անձանցից 28-ը պրոֆեսիոնալ մարզիկներ են։
Խմբավորման անդամները նախապես կապ են հաստատել ITF Futures և Challenger կատեգորիաներում խաղացող թենիսիստների հետ և պայմանավորվել հանդիպման արդյունքի շուրջ։ Խաղադրույքները կատարվել են միջազգային և ազգային մակարդակներում, իսկ խմբավորման անդամները ներկա են եղել խաղերին, որպեսզի համոզվեն, որ գնված խաղացողները կատարոււմ են պայմանավորվածությունները:
Ոստիկանությունը կասկածյալների անունները չի նշում, սակայն Եվրոպոլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ձերբակալված թենիսիտները մասնակցել են ԱՄՆ-ի վերջին Բաց առաջնությունում (US Open):
Հաղորդվում է նաև, որ գործով 11 բնակարաններում անցկացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 167 հազար եվրո, բանկային քարտեր, հրազեն, թանկարժեք մեքենաներ և թանկարժեք զարդեր։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբավորման անդամակցելու, փողերի լվացման, խարդախության, ապօրինի հրազեն ունենալու ու անձնական միջոցների ապօրինի յուրացման համար։
Տեսագրությունը հրապարակվել է Եվրոպոլի յութուբյան ալիքում: