Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այսօր Շումախերի հոբելյանն է

13:00, հինգշաբթի, 03 հունվարի, 2019 թ.
Այսօր Շումախերի հոբելյանն է

Այսօր Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի հոբելյանն է՝ 50-ամյակը։ Միխայելը ծնվել է 1969 թվականի հունվարի 3-ին՝ գերմանական Հյուրթ Հերմյուլհայմում։ Ավտոարշավների հանդեպ սերը տղայի մոտ եկել է քարտից, որը նրա հայրը՝ Ռոլֆը կառուցել է խոտահնձիչ մեքենայից, երբ ապագա չեմպիոնը 4 տարեկան է եղել։ 6 տարեկանում Շումախերը դարձել է քարտինգ-ակումբի չեմպիոն՝ առաջ անցնելով ավելի ավագ և ավելի փորձառու մրցակիցներից։ 1984-1985 թվականներին Միխայելը դարձել է պատանիների Գերմանիայի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի արծաթե մեդալակիր։ 1990 թվականին Շումախերը դարձել է Ֆորմուլա 3-ի հաղթող։

1991 թվականի օգոստոսի 25-ին Շումախերն իր նորամուտն է նշել Ֆորմուլա 1-ում՝ մրցաշրջանի արդյունքներով դառնալով 3-րդը։ Առաջին անգամ նա Ֆորմուլա 1-ի չեմպիոն է դարձել 1994-ին։ 2004-ին նա արդեն Ֆորմուլա 1-ի յոթակի հաղթող էր։ 2006 թվականին Շումախերը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ 2009-ի ամռանը, սակայն, «Ֆերարի»-ն հայտարարել է ավտոարշավորդի վերադարձի մասին։ Սակայն թեստերից հետո, ցավոք, զգացնել են տվել հին վնասվածքները, և նա ստիպված է եղել հրաժարվել Ֆորմուլա 1 վերադառնալու մտքից։

2009-ի դեկտեմբերի 23-ին նա կրկին հայտարարել է մարզական կարիերան վերսկսելու մասին։ Այս անգամ նա սկսել է հանդես գալ «Մերսեդես»-ում։ Թիմում նա հանդես է եկել մինչև 2012 թվականը։ Չնայած մեծ սպորտից հեռանալը, Շումախերը շարունակում էր համագործակցել «Մերսեդես»-ի հետ։ Նա զբաղվում էր նոր ավտոմեքենաների անվտանգության համակարգերի թեստավորմամբ։ Ավտոարշավորդի խոսքով՝ նա միշտ սիրել է քարտինգը և մեծ հաճույքով մարզում է երիտասարդ քարտինգիստներին։

2013-ին Շումախերը ֆրանսիական Ալպերի Մերիբելի լեռնադահուկային հանգստավայրում ստացել է գլխուղեղի ծանր վնասվածք։ Մի քանի ամիս նա կոմայի մեջ է եղել։ Հիմա նրա վիճակը լավացել է։ Նա բուժում է ստանում Շվեյցարիայի իր առանձնատանը։ Նշվում է նաև, որ ավտոարշավորդը կարող է տեղափոխվել ԱՄՆ՝ Դալլաս՝ բուժումը շարունակելու։

5535 | 0
Facebook