Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ֆանարջյան» կենտրոնի բժիշկները «կիստայի» փոխարեն «չարորակ ուռուցք» են ախտորոշել՝ հաշմանդամ դարձնելով կնոջը

13:35, երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ.
«Ֆանարջյան» կենտրոնի բժիշկները «կիստայի» փոխարեն «չարորակ ուռուցք» են ախտորոշել՝ հաշմանդամ դարձնելով կնոջը

MAMUL.am-ի խմբագրություն է դիմել Աննա Սիրեկանյանը: Նա ահազանգել է իր հետ կատարված բժշկական սխալ միջամտության մասին, ինչի արդյունքում այսօր հաշմանդամ է: Այն, ինչ կատարվել է Աննայի հետ վերջին 6 ամիսներին, մեր թղթակիցը գրի է առել ամբողջությամբ:

«Ես էստեղ չեմ ապրում, բայց եկել էի Հայաստան հանգստանալու: Աջ կուրծքս ցավում էր, որոշեցի ստուգվել Հայ-Ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնում: Բժիշկներն ինձ ասացին, որ խնդիրը ձախի հետ է կապված, ոչ թե աջի: Ասացին, որ չարորակ ուռուցք են կասկածում: Իմ աֆշային հանգույցներն էլ ստուգեցին, ասացին՝ ոչ մի խնդիր չկա, անփոփոխ է: Գնացի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն: Ես հենց սկզբից չէի ուզում էնտեղ բուժվել, բայց լսելով, որ բաժնի վարիչ, ուռուցքաբան Անդրեյ Մինասյանցը լավ մասնագետ է, որոշեցի գնալ: Նայեց և ասաց, որ ամեն ինչ շատ վատ է, քրոջս էլ գլխով հասկացրեց, թե վիճակը լավ չէ: Իմ բժիշկը՝ Անդրեյ Մինասյանցը, առանց բիոպսիա անելու վիրահատեց ինձ. ոչ մի անալիզ չարեցին, չստուգեցին նաև աֆշային հանգույցները: Նախքան վիրահատությունը, բժշկին հարցրեցի՝ բիոպսիա չպիտի՞ անեն, ասաց՝ դրա կարիքը չկա, «կատե» է՞լ չպիտի արվի, դարձյալ նույն պատասխանը տվեցին...Մի խոսքով, Ֆանարջյանում իմ կուրծքն ու աֆշային հանգույցները հեռացնում են: Վիրահատությունից հետո պարզվում է, որ ես ոչ մի չարորակ ուռուցք էլ չունեմ, ընդամենը կիստա է եղել»,- պատմում էր մեր զրուցակցը:

Հարցին՝ ինչպե՞ս պարզեցիք, որ գոյացությունը չարորակ չէ, այլ կիստա, և արդյոք որտեղի՞ց առաջացավ այդ կասկածը, Աննան պատասխանեց. «Երբ ինձ վիրահատող բժշկից հետաքրքրվեցինք՝ արդյոք հետվիրահատական անալիզների պատասխանները եկե՞լ են, նա ասաց՝ այո, բայց նորից պետք է վերանայվի: Հետո քույրս ինձ հորդորեց գնալ «Հիստոջեն» հայ-գերմանական կենտրոն՝ կրկնակի հետազոտության: Պարաֆինային բլոկները տարանք «Հիստոջեն» և պարզվեց, որ ինձ մոտ ամեն ինչ մաքուր է, չարորակ գոյացություն չկա, այն, ընդամենը, կիստա ադենոմա է, իսկ աֆշային հանգույցներն անփոփոխ են: Ինձ ասացին, որ նման ծանր վիրահատություն չպետք է անեին այդ անալիզներով:

Երբ այդ մասին հայտնեցի ինձ վիրահատող բժշկին՝ նա զարմացավ և ասաց՝ «ամեն ինչ աչքիս տեսածով եմ արել»: Ասացի՝ «աչքի տեսածով մարդուն ինվալի՞դ եք սարքում»:

Այնուհետև գնացինք «Դավիդյանց» լաբորատորիա, քանի որ բժիշկն ասաց, որ վստահում է այդ լաբորատորիային: Այնտեղ ինձ թերի պատասխան տվեցին: Դարձյալ կասկածներ առաջացան, որովհետև, երբ որ գնացի վերցնելու իմ հետազոտության պատասխանը և ասացի, որ այն պետք է ուղարկեմ Ֆրանսիա՝ «Գուստավ Ռուսի» անվան ուռուցքաբանության կենտրոն, Աննա Խաչվանյանը՝ «Դավիդյանց» կենտրոնի բժշկուհին, մի տեսակ խուճապի մատնվեց: Ասաց՝ ինչ կլինի, եթե ուղարկեք Փարիզ, հենց պատասխանը գա, խնդրում եմ, ինձ անպայման տեղյակ պահեք: Ասացի՝ ինչո՞ւ, պատասխանեց՝ միգուցե սխալ եմ թույլ տվել, իմանամ ինչո՞ւմն է իմ սխալը, որ մյուսների հետ նույնը չկրկնեմ: Ես հասկացա, որ ինչ-որ բան այն չի: Հետո պարզվեց հետևյալը՝ Ֆանարջյանի իմ բժիշկը՝ Անդրեյ Մինասյանցը, գնացել է «Դավիդյանց», համոզել, որ իր ասած դիագնոզը գրեն»:

Թե ինչպես է դա պարզել, մեր զրուցակիցը մանրամասնեց. «Հենց սկզբից, երբ գնացի «Դավիդյանց», կենտրոնի տնօրենն ինձ մանրամասն հարցաքննեց՝ ո՞վ է իմ բժիշկը, ո՞ր հիվանդանոցում եմ վիրահատվել և այլն: Խաչվանյանն էլ ասաց, որ իմ անալիզները Մինասյանցը բերել է իրենց կենտրոն ստուգելու: Բացի այդ, ես տեղեկացա, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնն ու «Դավիդյանց» կենտրոնը միմյանց հետ են համագործակցում… Որոշ ժամանակ անց, ստացա Փարիզի պատասխանը: Նույն պատասխանից էր, ինչ որ «Հիստոջեն»-ինը՝ «Չարորակ գոյացություն չկա»…Ես գնացի «Դավիդյանց», տեղեկացրեցի Փարիզի պատասխանի մասին, բժիշկներն ինձ ասացին. «Աննա, ինչ եղել, եղել է, բայց իմացիր, որ Մինասյանցը մեզ մոտ էլ է եկել, համոզել, որ իր ասած հիվանդությունը գրենք»:

«Անդրեյ Մինասյանցը խոստովանել է, որ սխալվել է և պատրաստ է իմ հետագա բուժումն իրականացնել: Նա նույնիսկ իմ տված մաղարիչը՝ 450 եվրոն վերադարձրեց: Հետո, նա փաստաբան վերցրեց՝ Ալեք Սիրունյանին, և իմ հետ ունեցած տարաձայնությունները նրա միջոցով փորձեց լուծել: Նույնիսկ բանը հասավ նրան, որ սկսեցին ինձ մեղադրել, որպեսզի չկարողանամ ոչինչ ապացուցել: Այդ ամենից հետո, Մինասյանցն ինձ առաջարկեց գումար տալ պլաստիկ վիրահատության համար, փաստաբանն ինձ փոխանցեց 7 500 դոլար, այնինչ այդ վիրահատության համար 10 000 դոլար է անհրաժեշտ: Հիմա էլ համոզում են, որ իրենք ճիշտ են եղել, սխալ թույլ չեն տվել, որ էդպես էլ պետք է լիներ… ես հասկացա, որ ոչինչ չեմ կարող անել...»:

«Մի անգամ բժշկուհիներից մեկը՝ Նելլի անունով, ազգանունը չեմ հիշում, ասաց. «Լավ, Աննա, իմացի՝ ընկել ես ավտոյի տակ, դեպք ա՝ եղել ա..., ասենք դատի տվիր՝ ի՞նչ ես շահելու, միևնույն է՝ ոչ մեկի չեն դատելու, քո ներվերն ա փչանալու»: Ես էլ ասացի՝ գիտե՞ք ինչ, որ ինձ նման մի քանի հոգի բողոք գրեր այս հիվանդանոցի վրա, հաստատ ես այս օրը չէի ընկնի: Պատասխանելով ինձ ասաց՝ «Դու քո մասին մտածի, ինչի՞ ես ուրիշների մասին մտածում»:

«Այս ընթացքում շատ հիվանդների հետ եմ շփվել, նրանցից շատերն իմ ճակատագրին են արժանացել, դարձել այսպիսի «բժիշկների» զոհը: Ես պատրաստ եմ այդ գումարը վերադարձնել, միայն թե նրանք պատժվեն (թեպետ ավելի արդար կլինի, եթե և՛ իմ ամբողջ գումարը վերադարձնեն, և՛ պատասխանատվության ենթարկվեն)»:

«Ուզում եմ մի բան էլ ավելացնել՝ Ֆանարջյանում, բժիշկների փնթիության պատճառով, ես կրկնակի հիվանդանոց եմ պառկել: Իրենց մեղքով իմ վերքը բորբոքվեց: Օգոստոսի 6-ին վիրահատվեցի, բայց մինչև հոկտեմբերի 29-ը, ամեն օր գնացել-եկել եմ: Իսկ «պունկցիա» անող բժշկուհին՝ Մարինա Փանոսյանը, նախքան վիրահատվելը, երբ դեռ անալիզներ էի տալիս, կանչեց իր կաբինետ ասաց. «Աննա ջան, հասկանո՞ւմ ես՝ պետական հիվանդանոց է, պետական վճարումներ են, բայց եթե քո մտքով անցնում է որևէ մեկին գումար տալ, շնորհակալություն հայտնել, կարող ես անել…»:

Աննա Սիրեկանյանը, հիվանդության պատճառով, 6 ամիս է չի աշխատում: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ վիրահատության գումարը պարտքով է վերցրել, իսկ այսօր անաշխատանք է: Նույնիսկ վստահ չէ, որ երբևէ կկարողանա աշխատել, քանի որ թևատակի աֆշային հանգույցների հեռացման պատճառով, ինչպես ինքն է ասում, թևը թմրում ու հոգնում է: «Այդքան պարտքերը վրաս, ինձ փաստացի հաշմանդամ դարձրին՝ զրկելով աշխատունակությունից: Եթե հնարավորություն ունենամ պլաստիկ վիրահատության ենթարկվելու, երբեք Հայաստանում չեմ անի, չեմ ուզում կրկին ապրել հոգեբանական այն ծանր պահերը, որում հայտնվել եմ»:

Կից ներկայացնում ենք Աննա Սիրեկանյանի բժշկական փաստաթղթերը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե դուք օգտվել եք բժշկական այս, կամ այլ կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն (+374(10)55-20-59) կամ գրել նամակ (info@mamul.am):

Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունն ապահովված է:

61811 | 8
Facebook