Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թեսթային շնամարտերում՝ ոչ մի կորուստ, միայն՝ ձեռքբերումներ, իսկ մենամարտերը վերացնելու դեպքում` անդառնալի կորուստներ` և՛ քանակային, և՛ որակային». Գուրգեն Խանջյան

02:00, չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ.
«Թեսթային շնամարտերում՝ ոչ մի կորուստ, միայն՝ ձեռքբերումներ, իսկ մենամարտերը վերացնելու դեպքում` անդառնալի կորուստներ` և՛ քանակային, և՛ որակային». Գուրգեն Խանջյան

Արձակագիր Գուրգեն Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի կենդանասերներ, ինչ-որ տեղ հասկանում եմ ձեր հուզմունքը, տարբեր ցեղատեսակների «խուժան» շնամարտերին ինքս էլ կողմնակից չեմ, սակայն պետք է գիտակցել, որ լրիվ այլ է խնդիրը գելխեղդի թեսթային մենամարտերի դեպքում: Նախ, այս մենամարտերը բնավ դաժան չեն, նրանք անց են կացվում խիստ կանոնակարգով, խնայումի ռեժիմով, դատավորի և բժշկի հսկողությամբ: Գելխեղդի թեսթային մենամարտեր անց են կացվում աշխարհի բոլոր այն երկրներում, ուր կա այս ցեղատեսակը, նպատակը` հայտնաբերել ցեղատեսակին բնորոշ հատկություններով ուժեղ շներին, որոնք էլ պետք է սերունդ տան` այդ հատկությունները սերընդեսերունդ փոխանցելու, պահպանելու համար: Թեսթային մենամարտերից զատ` սելեկցիոն խնդիրն ի շահ գելխեղդի լուծելու ուրիշ միջոց չկա: Գելխեղդը դեկորատիվ շուն չէ, որ խուզենք, լողացնենք, վզին բանթ կապենք` հանենք զբոսանքի, գելխեղդն ունի դարերի խորքից եկող հստակ առաքելություն` գայլերից, արջերից, թափառական շներից և այլ գազաններից, գողերից ու ավազակներից պաշտպանել տիրոջ հոտն ու նախիրը, տուն-տեղը: Այսինքն` գելխեղդը թուլանալու իրավունք չունի: Մենք իրավունք չունենք թուլացնելու գելխեղդի ինքնությունը` նրա անկոտրում կամքը, ոգին, համարձակությունը, փորձը, ծնոտն ու մկանը, հոդն ու ոսկորը: Եթե, Աստված ոչ անի, վերացնենք թեսթային մենամարտերը, բուծելու համար ստիպված ենք լինելու ուղղորդվել ընդամենը արտաքին տեսքով, արդյունքում ունենալու ենք գուցե գեղեցիկ, սակայն կամային, ուժային հատկանիշներից զուրկ, թույլ շներ, որոնք ոչ թե գայլ, նույնիսկ շնագայլի հանդիպելով` փախուստի կդիմեն: Նաև պիտի հաշվի առնել հետևյալ կարևոր հանգամանքը` գելխեղդ պահելը, բուծելը, խնամելը դյուրին բան չէ, և եթե բացառենք թեսթային մենամարտերում հաղթող, ուժեղ շուն ունենալու շահագրգռությունը` շատերը կկորցնեն իրենց հետաքրքրությունը, գելխեղդ չեն պահի, այսինքն` կունենանք ոչ միայն որակական, այլև քանակական անդառնալի կորուստներ: Ահա, սա որ` իսկապես դաժանություն է` թաքնված շնասիրության, այս դեպքում` կեղծ, սենտիմենտալ քողի տակ: Թեսթային շնամարտերում` ոչ մի կորուստ, միայն` ձեռքբերումներ, իսկ մենամարտերը վերացնելու դեպքում` անդառնալի կորուստներ` և՛ քանակային, և՛ որակային: Սա մեր գելխեղդը կորցնելու իրական ճանապարհն է: Այնպես որ, հարգելիներս, եկեք այս հարցում ողջամիտ լինենք, չմտնենք ընդհանրական, պատեհապաշտական, կեղծ զգայական և իսկապես վնասակար ձեռնարկների մեջ, մնանք հարազատ` մեր ավանդույթների հարյուրամյակներով հաստատված, արդարացված փորձին:
     Ինչ վերաբերվում է պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանին, պետք է միայն երախտապարտ լինել այդ հարգարժան մարդուն` հայկական գելխեղդը պահպանելու, հզորացնելու, պոպուլյարիզացնելու ջանադիր գործունեության համար: Մեզ չգցենք հերյուրանքի, չարախոսության գիրկը, պատիվ չի բերում»:

3728 | 0
Facebook