Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սփյուռքի նախարարությունը ռազմավարական կառույց է». Հովհաննես Ալեքսանյան

14:45, երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ.
«Սփյուռքի նախարարությունը ռազմավարական կառույց է». Հովհաննես Ալեքսանյան

Սփյուռքի նախարարության հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Սփյուռքի նախարարությունը լուծարելու մասին կառավարության որոշմանը, հորդորեց մեկ անգամ ևս քննարկել նախարարության կրճատման հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարությունը միակ պետական լիազոր մարմինն է, որը համակարգում է Հայաստան-Սփյուռք միասնական պետական քաղաքականության իրականացումը: «Մենք կարծում ենք՝ որոշումը շտապ է կայացվել և դեռևս քննարկման տեղ ունի: Նախարարության կարգավիճակում կլինի, թե Կառավարությանն առընթեր կոմիտեի, էական չէ, անպայման պետք է ունենալ սփյուռքի հետ աշխատանքները համակարգող պետական լիազոր մարմին: Մեր անհանգստությունն ենք հայտնում առ այն, որ հաշվի չի առնվել սփյուռքի, Հայաստանում աշխատող կազմակերպությունների կարծիքը, քանի որ նախարարությունն իր ամբողջ գործունեությունն իրականացնում է սփյուռքյան կազմակերպությունների ու անհատների համար»,- ասաց բաժնի պետը: Մեր դիտարկմանը, թե վարչապետն ասում էր, որ, ըստ էության, սփյուռքի հետ հարաբերությունների բաղադրիչ ունեն մեր բոլոր նախարարությունները, Հովհաննես Ալեքսանյանն արձագանքեց. «Մի քանի նախարարությունների կազմում գործում են ոչ թե սփյուռքի բաժիններ, այլ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ բաժիններ, որտեղ աշխատակազմը 3-4 հոգի են, ու այդ փաստարկն այդքան էլ հիմնավորված չէ...»: Հովհանննես Ալեքսանյանի խոսքով՝ սփյուռքի առջև ծառացած մարտահրավերներին որևէ գերատեսչություն կամ բաժին չի կարող համարժեք արձագանքել, ամբողջը միասնական փաթեթով վերլուծել ու տեղեկանքի ձևով ներկայացնել նոր Կառավարությանը: «Քանի դեռ ունենք հսկայական սփյուռք, ՀՀ-ն պետք է ունենա սփյուռքի հետ աշխատանքները համակարգող լիազոր մարմին: Գտնում ենք, որ սփյուռքի նախարարությունը ռազմավարական կառույց է, որն աշխատել է համեստ միջոցներով. ամենափոքր բյուջե ունեցող ու աշխատակազմ ունեցող մարմինն է Կառավարության կազմում և նրա տված արդյունքներն անհամեմատ մեծ են»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

7303 | 3
Facebook