Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Ո՞վ է «օգնում» ձկնագողերին

11:45, երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ.
Ո՞վ է «օգնում» ձկնագողերին

Հայ օգտատերերը համացանցում մտահոգություն են հայտնում մայրաքաղաքի տարբեր փողոցներում սիգի և իշխան ձկան վաճառքի փաստի վերաբերյալ, որը փոխանակ արգելվելու, կարծես թե խրախուսվում է: Լրագրող Կարինե Հարությունյանն, օրեր առաջ, նույնպես անդրադարձել է այդ խնդրին, ֆեյբսուքյան իր էջում գրելով, որ Նոր Նորքի շուկայի ներսում և շրջակայքում, Երևան սիթիի կողմերը ամեն օր սիգ են վաճառում: «Արդեն երկրորդ անգամ եմ տեսնում նույն տղամարդուն խոշոր չափերի սիգ էր վաճառում, դեռ պարծենում էլ էր՝ փորը լիքը իկրա է: Ասում եմ՝ բայց չի կարելի ձվադրման ժամանակ բռնել, գոնե էդ մեծերը մի բռնեք, ասում է՝ ձեզ համար ենք անում, էլի դժգոհ եք: Դե արի էս մարդկանց հասկացրու, որ իրենք, իրենց նմաններն ամեն օր մի քանի հազար ձուկ են սպանում՝ մի քանիսը բռնելով:
     Սևանը դատարկվում է, էդ ձուկը մի օրվա համար չի, ոչ էլ մի տարվա: Չեմ հասկանում, թե ոստիկաններն ի՞նչ բանի են, բննախից ի՞նչ կա: Ձվադրման ժամանակ ձկնորսությունը պիտի արգելվի՞, թե՞ չէ»,- գրել է Կ. Հարությունյանը:

MAMUL.am-ը նույնպես նման ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք հաստատում են այդ փաստը: Մեզ զանգահարած մի կին նշում էր, որ Նար-Դոս-Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկին մշտապես սիգ և իշխան ձուկ են վաճառում, կողքին էլ՝ փոքրիկ տարաներով, «ձկնկիթների» մի մեծ շարք: Մեր զրուցակիցը պատմեց, որ մի անգամ, երբ նույն վայրից ցանկացել է «Կարաս» տեսակի ձուկ գնել և հարցրել է, թե արդյոք թա՞րմ են ձկները, վաճառողուհին պարծեցել է, թե այնքան թարմ են, որ դեռ թփրտում են: «Մի պահ ոգևորվեցի՝ տեսնելով թփրտացող ձկներին, գնեցի մի քանի հատ, բայց երբ տուն տարա, հասկացա, որ հանրավոր չէ ո՛չ եփել, ո՛չ էլ առավել ևս ուտել...»:

Քաղաքացիները հարցնում են՝ ո՞ւր է նայում ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Մեր թղթակիցը ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացավ, որ դեկտեմբերի 20-ից մինչև 2019թ. հունվարի 20-ն ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում. «Իշխան» և «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։ Նախարարության հետ համատեղ գործողություններ են իրականցնելու ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Նշվում է նաև, որ մինչև արգելքի ժամանակահատվածը «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել բոլոր լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները։

| | |
4596 | 3
Facebook
COMMENT.am