ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի ամերիկյան զորքերը վերադառնան հայրենիք, քանի որ պատմական հաղթանակ են տարել Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նկատմամբ:
USA Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի տեսաուղերձը հրապարակվել է նրա թվիթթերյան էջում:
Թրամփի խոսքով՝ Սիրիայի ռազմական գործողությունների ժամանակ ամերիկյան զորքերն իրապես բարձր մարտական մակարդակ են պահպանել, ինչի շնորհիվ ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակը հնարավոր է դարձել:
«Մենք հաղթեցինք նրանց, և այժմ ժամանակն է, որպեսզի մեր զորքերը տուն վերադառնան»,- ասել է Թրամփը:
Նա նաև հիշատակել է այն զինվորներին, ովքեր զոհվեցին գրոհայինների կողմից, և նրանց հերոսներ անվանել:
Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումն ու հայտարարել, որ «այդ արշավը հաջորդ փուլ է անցնում»: