Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լեզվի կոմիտեն առաջարկում է խուսափել հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից

20:05, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Լեզվի կոմիտեն առաջարկում է խուսափել հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից

Հայտնի իրողություն է, որ լեզուներն առանց փոխառությունների չեն լինում: Դրանք եղել են, կլինեն և մերժելի չեն, եթե անհրաժեշտաբար են փոխառվել: Իրողություն է նաև, որ ամեն լեզու փորձում է հնարավորինս զերծ մնալ օտար բառերից՝ ստեղծելով դրանց համարժեքները: Երբ տվյալ լեզվում ստեղծվում է համապատասխան բառը, որը հասարակությունն ընդունում է, փոխառությունը դառնում է օտարաբանություն:

Ի տարբերություն փոխառության՝ օտարաբանությունը մերժելի է, որովհետև նախընտրելով օտարաբանությունը՝ նսեմացնում ենք մայրենի լեզուն, խանգարում նրա բնականոն ընթացքը:

Հայերեն շատ բառեր, ցավոք, երբեմն անտեսվում են:

Նկատի ունենալով վերը ասվածը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

ստորև բերված օտար բառերի փոխարեն գործածել հայերեն համարժեքները.

1. աբոնեմենտ – բաժանորդագիր

2. աբստրակտ – վերացական

3. աբսուրդ –անհեթեթություն, անհեթեթ

4. ամբիցիոզ – հավակնոտ

5. ավտոռեֆերատ – սեղմագիր

6. ատեստատ – վկայական

7. բալանս – հաշվեկշիռ

8. դեֆիցիտ – պակասուրդ

9. դիվիդենտ – շահաբաժին

10. դիսերտացիա – ատենախոսություն

11. դիսպետչեր – կարգավար

12. էմոցիա – հույզ

13. իմիջ – կերպար

14. ինվալիդ - հաշմանդամ

15. ինվեստիցիա – ներդրում

16. լեգիտիմ – օրինական, օրինակարգ

17. լոգիկա – տրամաբանություն

18. կոլեգիա – վարչանի

19. կոմպետենտ – 1. իրազեկ, 2. իրավասու

20. կոմպրոմիս – փոխզիջում

21. կոնցեպցիա – հայեցակարգ

22. կրեատիվ – ստեղծագործ

23. մաքսիմում – առավելագույն

24. մենեջմենտ / մենեջմենթ – կառավարում

25. մոնոպոլիա – 1. մենաշնորհ, 2. մենատիրություն

26. մոնոպոլիստ – 1. մենաշնորհյալ, 2. մենաշնորհատեր

27. մենտալիտետ / մենթալիտետ – մտածելակերպ

28. մինիմում – նվազագույն

29. նեգատիվ – բացասական

30. շանս – հնարավորություն

31. չեկ / չեք– վճարագիր, անդորրագիր

32. պոզիտիվ – դրական

33. պոպուլիզմ – ամբոխահաճություն

34. պոպուլիստ - ամբոխահաճ

35. պրակտիկ – գործնական

36. պրինտեր – տպիչ

37. ռեալ – իրական

38. ռեյտինգ – վարկանիշ

39. սանկցիա(ներ) – պատժամիջոց(ներ)

40. սիմվոլ – խորհրդանիշ

41. սիմվոլիկ – խորհրդանշական

42. սիստեմ - համակարգ

43. սիտուացիա – իրադրություն, իրավիճակ

44. ստատիստիկա – վիճակագրություն

45. տրենաժոր – մարզասարք

46. քսերոքս – պատճենահան

47. քրոնիկոն – ժամանակագրություն

48. օպոնենտ – ընդդիմախոս

49. ֆեյք – կեղծ

ֆորում – համաժողով

6029 | 3
Facebook