Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

19:00, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Վիրավոր զինծառայողների վերաբերյալ լայնորեն շրջանառվող լուրերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել: Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզաբաման մեջ ասված է.

«Ս.թ. դեկտեմբերի սկզբից առ այսօր, տարբեր աստիճանի վիրավորումներ ու վնասվածքներ ստացած, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կայազորային հոսպիտալներից ՀՀ ՊՆ Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ և քաղաքացիական բուժհաստատություններ է տեղափոխվել յոթ զինծառայող, որոնցից մեկն ունի մարմնի տարբեր հատվածների II-III աստիճանի այրվածքներ, ևս մեկ զինծառայող ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել սիրտ-թոքային վերակենդանացումից հետո։

Նշված ժամանակահատվածում Երևան տեղափոխված զինծառայողներից մեկի մոտ ախտորոշվել է թորակո-աբդոմինալ միջանցիկ թափանցող հրազենային վիրավորում։ Երկու զինծառայող ականապայթյունային վնասվածքներ են ստացել։ Դեկտեմբերի 17-ին և 18-ին ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել ևս երկու զինծառայող՝ հրազենային գնդակային վիրավորումներով։

Բոլոր զինծառայողները գտնվում են բժշկական վերահսկողության ներքո։ Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Պաշտպանության նախարարությունը շարունակաբար և հետևողական կերպով ջանքեր է գործադրում զինվորական ծառայությունն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Այդուհանդերձ, մեծածավալ մարտական հերթապահություն իրականացնող զինված ուժերի ամենօրյա բնականոն կենսագործունեության ընթացքում, ցավոք սրտի, բացառված չեն իրադրությունները, որոնց հետևանքով զինծառայողները կարող են տարբեր աստիճանի վիրավորումներ և վնասվածքներ ստանալ։

Պաշտպանության նախարարությունը անում է հնարավորը՝ այդպիսի պատահարների հետևանքով տուժած զինծառայողների համար բարձրակարգ բուժսպասարկում ապահովելու նպատակով։ Որոշ դեպքերում այն կազմակերպվում է կայազորային հոսպիտալներում կամ, անհրաժեշտության դեպքում, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում կամ քաղաքացիական մասնագիտացված բուժհաստատություններում:

9017 | 2
Facebook