Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում են նոր աշխատանքային օրենսդրության դեմ բողոքի ցույցերը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:
Ցուցարարները բողոքում են աշխատաժամերի երկարացման, ինչպես նաև երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքականության դեմ:
Երեկ երեկոյան մոտ 1000 մարդ շրջափակել է երկրի պետական MTVA հեռուստատեսության շենքը, իսկ մի քանի ընդդիմադիր պատգամավորներ ներխուժել են շենք՝ պահանջելով լսել ցուցարարների պահանջները:
«Ցանկանում ենք խոսել մամուլի ազատության մասին և ներկայացնել մեր պահանջները»,- ասել է ընդդիմության ներկայացուցիչներից մեկը: Ընդդիմադիրները MTVA-ին մեղադրել են կողմնակալության համար:
Նշվում է, որ հեռուստատեսության անվտանգության աշխատակիցներն ընդդիմադիրներին դուրս են հանել շենքից, խորհրդարանականներից մեկին բուժօգնություն է անհրաժեշտ եղել:
Հիշեցնենք, որ Հունգարիայում բողոքի ալիք էր բարձրացել դեկտեմբերի 12-ին նոր աշխատանքային օրենսդրության ընդունումից հետո: Ցուցարարներն այն «ստրկական օրենք» են անվանում, որը նախատեսում է աշխատանքի տարեկան ավելացում՝ 250-ից 400 ժամ: