Ծառուկյանը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Մարուքյանի ուղիղ եթերի
ԲՀԿ-ն ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածվել. «Ի պատասխան Էդմոն Մարուքյանի մերկապարանոց պնդումների. 1. Պնդում առաջին` 2. Պնդում երկրորդ՝ մարտի 1-ի մասով։ «Բարգավաճ Հայաստանը» և Գագիկ Ծառուկյանը քանիցս հայտարարել են, որ կողմ են մարտի 1-ի օր առաջ բացահայտմանը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Ինչ վերաբերում է փաստահավաք խմբին, ապա այս պահին ընթանում է բավականին ակտիվ քննություն «Մարտի 1»-ի գործով, այսօր արդեն, նոր Հայաստանում որևէ ճնշում չի կարող լինել իրավապահների վրա և գոնե մենք վստահ ենք, որ մարտի մեկի գործով ճշմարտության բացահայտումը սարերի հետևում չէ։ Հույս ունենք, որ ճշմարտության բացահայտումից հետո բոլոր չարախոսները, այդ թվում Մարուքյանը, կունենան այնքան արժանապատվություն, որ ընդամենը ներողություն կխնդրեն։ 3. Պնդում երրորդ՝ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է, ով ազդեցություն ունի քաղաքական համակարգի վրա։ Ստիպված ենք Էդմոն Մարուքյանի համար, որպես կլասիկ քաղաքական գործչի, ևս մեկ անգամ պարզաբանել օլիգարխ բառի ստուգաբանությունը։ Պարոն Մարուքյան, օլիգարխը նա է, որ պետական կառավարման ոլորտում ունեցած իր պաշտոնն օգտագործում է իր բիզնես շահերի համար։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը երբևէ պետական որևէ պաշտոն չի զբաղեցրել և դուք չեք կարող բերել որևէ դեպք, երբ «Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական կապիտալը ծառայեցվել է որևէ բիզնես նպատակի։ Չի եղել և չի կարող լինել նման փաստ։ 4.Պնդում չորրորդ՝ Ծառուկյանի հարստության մեջ բազմաթիվ ճեղքեր կան։ Որևէ ճեղք չկա, պարոն Մարուքյան։ Գագիկ Ծառուկյանի կապիտալը, առաջին լումայից մինչև վերջինը, պարզ ու թափանցիկ է եղել և տարբեր իշխանությունների կողից հարկային պերմանենտ ստուգումները որևէ չարաշահում եթե հայտնաբերած լինեին, ապա մեկ րոպե անգամ չկասկածեք, որ այդ մասին վաղուց ազդարարած կլինեին։ Հիշեք Սերժ Սարգսյանի հրահանգը հարկային մարմիիներին` սկսել լայնամասշտաբ ստուգումներ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկություներում։ Վստահեցնում ենք ձեզ, նման համակարգված և հետևողական ստուգումներ հայաստանյան որևէ տնտեսվարողի մոտ չի եղել։ Ու եթե որևէ չարաշահում լիներ, վստահ ենք, չեք կասկածում, որ մեծ սկանդալն իրեն սպասեցնել չէր տա։ 5.Պնդում հինգերորդ՝ Քոչարյանը՝ ԲՀԿ հիմադիրն է։ Հարգելի պարոն Մարուքյան, ԲՀԿ-ի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն ու մեր թիմակիցներն են՝ ժողովրդի հետ միասին և եթե Քոչարյանը որևէ կապ ունենար ԲՀԿ-ի հետ, ապա այսօր ԲՀԿ-ն կլիներ Քոչարյանի կողքին, ինչպես նրան սատարող որոշ քաղաքական ուժեր։ 6.Պնդում վեցերորդ՝ Մարուքյանը պնդում է, որ Ծառուկյանն իրեն սպառնում է։ Պարոն Մարուքյան, դուք չափից ավելի մեծամիտ, ինքնավստահ և չհիմնավորված բարձր ինքնագնահատական ունեք։ Դուք ո՞վ եք, որ Ծառուկյանը ձեզ ընդհանրապես նկատի։ Միգուցե դա ձեր ցանկությունն է, որ ձեզ սպառնան և դուք հագնեք քաղաքական հալածյալի դիմակ։ Ձեր հույսերը զուր են։ Քաղհալածյալ ներկայանալը, պարոն Մարուքյան, քաղաքական դաշտում ինքնահաստատվելու բավականին մաշված մեթոդ է, ուստի փորձեք ինքնահաստատվելու շատ ավելի ազնիվ տարբերակներ գտնել։ 7. Պնդում յոթերորդ՝ նախորդ խորհդրանական ընտրություններից հետո արաբական ներդրումների մասին։ Պարոն Մարուքյան, եթե չենք սխալվում, դուք մասնագիտությամբ իրավաբան եք, լավ տիրապետում եք հայաստանյան օրենսդրությանն ու պետք է որ գոնե նվազագույն գիտելիքներ ունենայիք՝ հասկանալու համար, որ ցանկացած ներդրող պահանջում է հստակ երաշխիքներ և որևէ ներդրողի ո՛չ Ծառուկյանը ,և ո՛չ էլ որևէ մեկը չեն կարող ստիպել ներդրումներ անել քաղաքական այն միջավայրում, որը տվյալ ներդրողի համար խնդրահարույց է։ Այոʹ, նշյալ ներդրողները պատրաստ էին ներդրում անել և իրենց ներդրումների երաշխիքը կարող էր լինել միայն ԲՀԿ-ն, եթե ստանար առավելագույն քվե։ 8.Պնդում ութերորդ՝ Ծառուկյանը հրահանգել է «Ծառուկյան» խմբակցության որոշ անդամների՝ քվեարկելու հոգուտ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Պարոն Մարուքյան, «Ծառուկյան» խմբակցությունում որոշումները կայացվում են բաց քննարկումների արդյունքում և նշյալ հարցի վերաբերյալ որոշվել է յուրաքանչյուր պատգամավորի քվեարկությունը թողնել ազատ։ Իսկ եթե անդրադառնանք քվեարկություններին, ապա ևս մեկ անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ դուք, Էդմոն Մարուքյան, քանիցս կողմ եք քվեարկել և պաշտպանել նախագահ Սերժ Սարգսյանի կառավարությունների ծրագրերը։ Հիմա ո՞վ է նախկին իշխանությունների հետ համագործակցողը։ Կարծում ենք, այս հարցի պատասխանը շատ հստակ է և դուք ԲՀԿ թիմում, այդ թվում նաև մեր նախկին պատգամավորների մեջ չեք գտնի որևէ մեկին, ով կասի, որ Ծառուկյանն իրեն հրահանգել է կողմ քվեարկել Սերժ Սարգսյանին։ Եթե Ծառուկյանը նման հրահանգ տված լիներ, ապա մեր րոպե անգամ չկասկածեք, որ ամբողջ թիմը մեկ մարդու պես կկատարեր քաղաքական այդ որոշումը։ Չի եղել նման բան և դուք, որպես կլասիկ քաղաքական գործիչ, պետք է որ հրաշալի հասկանաք քաղաքական որոշման և ազատ քվեարկության տարբերությունը։ 9.Պնդում իններորդ` 2015-ին Ծառուկյանը մենակ թողեց ժողովրդին, պատճառաբանելով, թե արյուն կթափվի։ Հարգարժան պարոն Մարուքյան, մենք հասկանում ենք, որ կան բազմաթիվ գործիչներ, որոնք իրենց քաղաքական նպատակները իրագործելու և իշխանության գալու համար ոչնչի առաջ կանգ չեն առնի, անգամ՝ զոհերի։ Դուք, իհարկե, դա չեք հասկանա, սակայն ժողովուրդը հասկացավ և գնահատեց, որ Գագիկ Ծառուկյանի համար իր յուրաքանչյուր հայրենակցի անվտանգությունը շատ ավելի բարձր արժեք է, քան ցանկացած իշխանություն։ 10.Պնդում տասներորդ` Դուք Ծառուկյանի մոտ չեք գնացել և դա եղել է ձեր որոշումը։ 11.Պնդում տասնմեկերորդ` Եթե չլիներ Էդուարդ Բաբայանը, ապա «Լուսավոր Հայաստան»-ը խորհրդարանում կլիներ երկրորդ քաղաքական ուժը։ Փաստորեն, պարոն Մարուքյան, դուք ինքներդ եք ընդունում, որ Էդուարդ Բաբայանը շատ ավելի մեծ հեղինակություն և քաղաքական կշիռ ունի, քան ամբողջ Լուսավոր Հայաստանն իր քաղաքական թիմով և հովանավորով միասին վերցրած։ Սա այն դեպքն է, երբ մենք միանգամայն համաձայն ենք ձեզ հետ։ Եվ վերջում՝ Այդուհանդերձ, մի ճիշտ խոսք դուք ձեր 40 րոպեանոց ելույթի վերջում ասացիք, որ մեր երկրի առաջ բազում խնդիրներ կան և պետք է զբաղվել բացառապես այդ խնդիրների լուծմամբ։ Հարգելի պարոն Մարուքյան, ահա արդեն քանի օր է ձեզ փորձ է արվում բացատրել, որ պետք չէ երկրի առջև ծառացած խնդիրները թողած՝ ամեն օր ամբողջ թիմով թիրախ դարձնել Գագիկ Ծառուկյանին։ Ի վերջո, Ծառուկյանը, որպես, այո՛, հզոր մարդ, դեբատների ավարտին սեղմեց ձեր ձեռքը և նաև «Լուսավոր Հայաստան»-ին շնորհավորեց խորհրդարան անցնելու կապակցությամբ։ Նախահարձակ եղել եք դո՛ւք, դեբատը չեք մարսել դո՛ւք պարոն Մարուքյան և ձե՛ր թիմը, ովքեր օրեր շարունակ, տարբեր եթերներից և մամուլի տարբեր հարթակներից խոսում էին միմիայն ու բացառապես Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի մասին։ Իսկ երբ մեզ անհիմն մեղադրում են, մենք պատասխանում ենք։ Այդպես եղել է միշտ, և այդպես է լինելու նաև այսուհետ։ Կարծում ենք` երեկ ուղիղ եթերում ձեր շարադրած որևէ պնդում անպատասխան չմնաց։ Եթե բաց հարց ձեզ համար դեռ մնացել է, հիշեցրեք` դա էլ կպարզաբանենք։ ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյան»: |