Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամուլսարի հարցով նամակներն անպատասխան են մնում. ՀԲՃ

20:05, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ամուլսարի հարցով նամակներն անպատասխան են մնում. ՀԲՃ

Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակից Հարութ Բրոնոզյանը կոչ է անում հետաքննել նախագահ Արմեն Սարգսյանի նախկին ներգրավվածությունն Ամուլսարի ծրագրում, իսկ այն որոշում կայացնողներին, ովքեր չեն կարողանում կամ չեն ուզում կարդալ, հասկանալ և կողմնորոշվել անգլերեն լեզվով հանքարդյունաբերական և բնապահպանական տեխնիկական փաստաթղթերից՝ չներգրավվել նմանատիպ ծրագրերում որոշումներ կայացնելու գործընթացներին:

Նա մշտապես ուղիղ կապով և մամուլով բաց նամակների միջոցով ՀՀ կառավարությանն է ներկայացնում Ամուլսարում հանք շահագործելու հավանականության վտանգները։ Պարոն Բրոնոզյանի տեխնիկապես հիմնավորված և փաստերով հագեցած շատ նամակներ անպատասխան են մնում կամ չեն ստանում բովանդակային արձագանք։

Ահա դեկտեմբերի սկզբին նրա վերջին նամակներից մեկը, որն ուղղել է կառավարության գրեթե բոլոր պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներին՝ վարչապետին և օգնականներին, փոխվարչապետերին, բնապահպանության, էներգետիկայի, տնտեսական զարգացման նախարարներին և փոխնախարարներին, բազմաթիվ այլ գերատեսչությունների։ Ի վերջո, նաև մամուլին։

Նշենք, որ Հայկական բնապահպանական ճակատը նույնպես կիսում է պարոն Բրոնոզյանի վրդովմունքը, որ այսքան փաստերի առկայության պարագայում բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ Ամուլսարում վտանգների առկայության մասին փաստեր չկան, և խոսակցություններն էմոցիոնալ են, իսկ նախորդ կառավարության կողմից տված թույլտվությունների ուժը կորցրած ճանաչելու մասին պնդումները՝ հիմնված օրենքի տառի վրա, անտեսվում են։

Ահա, թե ինչ էր գրել պարոն Բրոնոզյանը․

«Ողջույն,

Այստեղ կարող եք գտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «պատասխանը» Ամուլսարի հետ կապված իմ հարցերին (ՀԲՃ․ նամակը վերահասցեագրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ): Նախագահ Սարգսյանը չպատասխանեց իմ հարցերից որևէ մեկին Ամուլսարի նախագծի վերաբերյալ իր ներգրավվածության և դիրքորոշման վերաբերյալ (տես բաց նամակն այստեղ, որտեղ Արմեն Սարգսյանին որպես Լիդիանի տնօրենների խորհրդի նախկին անդամ ներկայացվում է խնդրանք հրապարակել իրեն հասանելի տեղեկությունները և բացատրել իր նախկին ներգրավվածությունը բիզնես այդ ծրագրում): Հուսով եմ, որ Հայաստանի կառավարությունը կհետաքննի նախագահի ներգրավվածությունը Ամուլսարի նախագծում:

Ստորև ՀՀ Կառավարության տեսակետները Ամուլսարի նախագծի վերաբերյալ,

«Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին». Տիգրան Ավինյան, փոխվարչապետ
     Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ամուլսարի ծրագրի ռիսկերի վերաբերյալ հիմնավորված փաստարկ չի լսել (հատված Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսից)
     «ՀՀ-ը բավարար տեղեկատվություն չունի Ամուլսարի բնապահպանական ազդեցությունների մասով». Էրիկ Գրիգորյան, Բնապահպանության նախարար
     Փաշինյանը հորդորեց սպասել Ամուլսարի հարցով փորձաքննության եզրակացությանը (Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթեր)
     Ինձ թվում է, թե իմ նախկին փորձագետների կողմից 15 բարձրորակ տեխնիկական գնահատականները Լիդիանի Ամուլսարի անգլերեն փաստաթղթերին, որոնք ես ներկայացրել եմ վերջին 1,5 տարվա ընթացքում, ինչպես նաև ռիսկերի հիմնական գործոնները և իմ այս նամակը (Արմեն Սարգսյանին), անտեսվել են Հայաստանում նախորդ և ներկա կառավարությունների և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Զարմանալի է, որ Հայաստանի կառավարության անդամները՝ ներառյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակում են դիտարկել չորս փորձառու անկախ միջազգային փորձագետների (բոլորը դոկտորական աստիճաններով) տված 15 տեխնիկական գնահատականները որպես «զգացմունքային» և առանց ապացույցների: Արդյոք կառավարության անդամներից որևէ մեկը երբևէ կարդացե՞լ է 15 գնահատականներից որեվէ մեկը:

Իմ նախկին չորս միջազգային ճանաչված և փորձառու հանքարդյունաբերության բնագավառում անկախ փորձագետների մասնագիտական որակավորումների մասին հակիրճ կարելի է կարդալ այստեղ https://goo.gl/KCGgWK և Ամուլսարի տեխնիկական վերլուծությունները այստեղ https://goo.gl/fFpC5F և https://goo.gl/VwdRjZ և https://goo.gl/qUVTkh և https://goo.gl/bbxj1a։ Իմ մասնագիտական կրթությունը և բնապահպանության ոլորտում իմ 23 տարիների փորձը կարելի է գտնել այստեղ http://bit.ly/2Euc6ho.

Դուք կարող եք գտնել Լիդիանի Ամուլսարի փաստաթղթերը անգլերեն այստեղ՝ https://www.lydianinternational.co.uk/:

2017 թ. Լիդիանի վերջին տեխնիկական փաստաթղթում (տես էջ 397) Լիդիանը լրացուցիչ աշխատանքներ է առաջարկում, որոնք ցանկանում է անել:

Սա 2016 թ. պայմանագրի պայմանների փոփոխություն է: Հետևաբար ՀՀ Կառավարությունը և Բնապահպանության նախարարությունը պետք է պահանջի Լիդիանից թարմացված վերջնական փաստաթուղթ, որի հիման վրա պետք է վերջնական որոշում տրվի: Սա իրավական և պայմանագրային խնդիր է: Առանց գրավոր նորացված վերջնական Lydian-ի տեխնիկական փաստաթղթի, ստորագրված Լիդիանի նախագահի կողմից, միջազգային փորձագետները չունեն իրավունք Լիդիանի վերջնական փաստաթուղթը ուսումնասիրելու և գնահատելու համար, ու հետևաբար չեն կարող գնահատել և վերջնական որոշում կայացնել Ամուլսարի նախագծի մասին:

Ինչու՞ ՀՀ Կառավարությունը և Բնապահպանության նախարարությունը չեն պահանջում Լիդիանից Ամուլսարի նորացված և վերջնական փաստաթուղթը, բոլոր երաշխիքներով և ապահովագրությամբ, շատ հստակ ներկայացված: Ո՞ր փաստաթղթերն են գնահատվելու միջազգային փորձագետների կողմից, ինչ-որ մեկը գիտի՞: Հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտում ի՞նչ որակի մասնագիտացում ունեն կառավարության կողմից ընտրված այս փորձագետները:

Կարծում եմ, որ Լիդիանը չի ուզում թարմացնել իր 2017 թ.փաստաթուղթը, քանի որ այն կչեղարկի նախորդ թույլտվությունը:

Եթե մարդիկ, ովքեր զբաղվում են Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում, չեն կարող կամ չեն ուզում կարդալ, հասկանալ և կողմնորոշվել անգլերեն լեզվով հանքարդյունաբերական և բնապահպանական տեխնիկական փաստաթղթերից, ապա ավելի լավ է, եթե նրանք ներգրավված չլինեն նման ծրագրերում:

Հաշվի առնելով Ամուլսարի հետ ունեցած իմ փորձը անցյալի և ներկա իշխանությունների կողմից ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, ես լավատես չեմ: Ազգային գիտակցության, պատասխանատվության և փորձի պակասը մեծապես զգալի է:

Ամուլսարը ապացուցելու է այս նոր ռեժիմի իրական բնույթը, և կարող է լինել պատճառը նրա տապալման: Միջին ճանապարհ չկա:

Շնորհակալություն ուշադրության համար:

Հարութ Բրոնոզյան

Քիմիական/բնապահպանական ճարտարագետ, MS»

Հ․Գ․ Ամուլսարի խնդիրների հետ առնչվող պետական մարմինների կողմից անպատասխան թողած մյուս նամակներին և հարցումներին կանրադառնանք հաջորդիվ։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն Էլ․ փոստ՝ armecofront@gmail.com

3324 | 0
Facebook