Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մշակույթի նախարարությունն արձագանքել է Զառա Մխեյանի՝ Լիլիթ Մակունցի հասցեին հնչեցրած մեղադրանքներին

21:35, հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Մշակույթի նախարարությունն արձագանքել է Զառա Մխեյանի՝ Լիլիթ Մակունցի հասցեին հնչեցրած մեղադրանքներին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ին կայացած «Ախթամար» սառցե շոուի պրոդյուսեր Զառա Մխեյանը շոուից օրեր անց իր դժգոհությունն էր հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և ՀՀ մշակույթի նախարարությունների վերաբերմունքից։ Նա մասնավորապես նշել էր, որ նախարարների պաշտոնակատարները չեն արձագանքել իրենց հրավերներին և ներկա չեն գտնվել շոուի համաշխարհային շրջագայության պրեմիերային։ Մխեյանը մեղադրանքներ էր հնչեցրել Մշակույթի նախարարի պաշտոնակատարի հասցեին՝ նրա չներկայանալը որակելով մասնագիտական անտեղյակություն և վարվելակերպի տարրական կանոնների բացակայություն․ «Մեծ ցավով շեշտադրում եմ ՀՀ մշակույթի նախարարության և այն գլխավորող վայ նախարարի հարցը, ով լինելով երկրի մշակույթը ներկայացնողն ու կրողը, չի գիտակցում նույնիսկ այն տարրական պատասխանատվությունը, որ պետք է ունենա այդ ոլորտի հանդեպ: Մարդ, ով չի ընկալում նման միջոցառման կարևորությունը, որ այն առնվազն պետք է տարրական ուշադրության արժանանար նախարարության կողմից (քավ լիցի, չեմ խոսում որևէ աջակցության մասին), կամ գոնե «պատվեր» իր ներկայությամբ: Հուսով եմ, չակերտների իմաստը գոնե կհասկանա: Էլ չեմ խոսում բազմաթիվ անպատասխան թողնված նամակների մասին, որոնցով դիմել էինք այս միջոցառման շրջանակներում: Այսինքն այստեղ խոսքը գնում է ոչ միայն մասնագիտական բացարձակ անտեղյակության, այլև գործարար վարվելակերպի տարրական կանոնների բացակայության մասին»,- նշել էր Մխեյանը (խմբ․՝ հատված նրա խոսքից

Եթե ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի վերաբերյալ ակնհայտ է, որ շոուի կազմակերպիչների հետ պայմանավորվածությունը ձեռք է բերել նախկին նախարար Լևոն Վահրադյանը, այդ պատճառով էլ Ղազարյանը չի մասնակցել միջոցառմանը, ապա ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի՝ պրեմիերային չներկայանալու պատճառները պարզելու համար MAMUL.am-ը հարցում էր ուղարկել նախարարություն։

Նախարարին ուղղված մեր հարցմանը պատասխանել է նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը։ Նա նշել է, որ Լիլիթ Մակունցը չի մասնակցել սառցե շոուի պրեմիերային՝ աշխատանքային զբաղվածության պատճառով՝ ավելացնելով, որ հուլիսի 30-ին նախարարի տեղակալ Ն․ Ղարիբյանը հանդիպում է ունեցել Իրինա Սլուցկայայի և Զառա Մխեյանի հետ։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր բովանդակությամբ նամակ-դիմում հղել մշակույթի նախարարություն, որն այդպես էլ չի ուղարկվել։

MAMUL.am-ի հարցման պատասխանը
MAMUL.am-ի հարցման պատասխանը
9625 | 3
Facebook