Չինաստանն ու ԱՄՆ-ը կարող են կոնսենսուսի հասնել՝ ավտոմեքենաների, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների և էներգառեսուրսների առևտրի շուրջ մի շարք հակասությունների վերացման համար: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է Չինաստանի կոմերցիայի նախարարության ներկայացուցիչը:
«Չինաստանն ու ԱՄՆ-ը մոտ են առևտրային կոնկրետ հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելուն: Մանրամասները կհրապարակվեն շուտով»,- ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Չինաստանը կհամաձայնի գործող 40%-ից մինչև 15% նվազեցնել ամերիկյան ավտոմեքենաների համար մաքսատուրքերը:
Նշենք, որ Արգենտինայում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի ընթացքում Չինաստանի ղեկավարն ու ԱՄՆ նախագահը փոխադարձ քայլերի շուրջ համաձայնության էին եկել: Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը խոստացել էր կարգավորել առևտրային իրավիճակն ու սկսել ԱՄՆ-ից գյուղատնտեսական և այլ ապրանքների զգալի ծավալի ձեռքբերումը: ԱՄՆ նախագահն ընթացիկ տարվա հունվարի 1-ից չինական ապրանքների համար 10%-25% մաքսատուրք էր սահմանել: