Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էս ղալմաղալը գալիս է ապացուցելու, որ հին սիստեմը ճռռում է». Լևոն Բարսեղյան

16:10, չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
«Էս ղալմաղալը գալիս է ապացուցելու, որ հին սիստեմը ճռռում է». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դպրոցների կառավարման համակարգը, որ ներդրվել է 16 տարի առաջ, անարդյունավետ է: Այդ մասին մասնագետները խոսում են ճիշտ այդքան ժամանակ: Կառավարման գլխավոր մարմինը՝ դպրոցի խորհուրդը, նախկինում 7 հոգանոց էր՝ 2 հոգի մարզպետի նշանակած, 2 հոգի ծնողական խորհրդից ընտրված և պատվիրակված, 1 հոգի համայնքապետի նշանակած, 2 հոգի էլ՝ մանկավարժական խորհրդից, մանկխորհրդի ղեկավարն էլ ի պաշտոնե դպրոցի տնօրենն է, որեպս կանոն գիտե առաջարկել մանկավարժական խորհրդին՝ ընտրել դպրոցի խորհրդի կազմում: Հետո այս կազմը համալրվեց մեկ հոգով՝ նախարարությունից: Հիմա 8 հոգանոց խորհուրդներ են գործում դպրոցներում, դրանք լիազորված են կայացնելու բոլոր կարևոր որոշումները՝ բյուջե, բյուջեի կատարողական, դպրոցի տնօրենի ընտրություն, քվեարկություն և այլն:

Բացառությամբ մի քանի դպրոցների խորհուրդների, անցած մեկուկես տասնամյակում մնացած բոլոր դպրոցներում խորհուրդները եղել են ձևական, տնօրենի կամակատարը, ենթական, թելադրություն գրող-հաստատող-քվեարկողը: Օրինակներ ունենք, երբ դպրոցի խորհրդի նիստերին մասնակցել են 2-3-4 հոգի, այդպես, առանց քվորումի որոշումներ են կայացրել և մարզպետարանների ֆշտիկին էլ չի եղել այդ ընթացակարգը: Դպրոցների տնօրենին, նախարարության կամ մարզպետի կամ մեկ այլ պաշտոնյայի ուզածով «ընտրելու» համար խորհրդի անդամներն առաջ են մղվել և «ընտրվել» այնպես, որ սպասարկեն տնօրենի կամքը: Սա լրջագույն փոս է, որ փորվել է տարիներ շարունակ, գինը կրթության թաղումն է: 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ զանգեցինք Հայաստանի 20 խոշոր քաղաքներ բոլոր 1400 դպրոցների տնօրեններին, հարցնելով՝ թե արդյոք կուսակցական են և՝ որ կուսակցության անդամ են: Նրանց 70%-ն ասաց որ հանրապետական են, և նրանց կեսն ասացին, թե հանրապետական էին դարձել վերջին կես տարում: Դպրոցներում այս կառավարման համակարգը հանգեցրեց նրան, որ Սերժիկի և կաթողիկոսի նկարներն էին ճպպացնում պատերին, չկարենալով բացատրել, թե ինչու Պյութագորասի թեորեմը, տարբեր լեզուներով հոլովները, Մենդելեևի աղյուսակը չեն գրում պատերին այդ քարոզի փոխարեն, դպրոցները վերածվեցին իշխանության քարոզչամեքենա ինկուբատորների, որոշ տեղերում սկսեցին կուսակցական ժողովներ գումարել, տնիօրեններին ուսմասվարներին դարձրեցին ընտրական հանձնաժողովների տասովչիկ նախագահ, քարտուղարներին: Քաղքենիացումն ու ազատ մտածողության բռնաբարումը չհաշված: Չարենցավանի 3-րդ դպրոցի տնօրեն փոխվելու պատճառով էս ղալմաղալը գալիս է ապացուցելու, որ հին սիստեմը ճռռում է, չի ուզում կոտրվել, դպրոցները դառել էին տնօրենների կալվածքները, խորհդրի կազմում մարդիկ են փոխվել ու մրցույթով 13 տարվա տնօրենը չի ընտրվել, ընտրվել է մեկ ուրիշը: Նախկին տնօրենը դժգոհ է, դժգոհությունը տարածվել մանկավարժների և աշակերտների մեջ, 10 օր դասադուլ, թե բա համաձայն չենք: Տրամաբանությունն ասում է, որ խորհրդի որոշումները կարող է բողոքարկվել դատարանում, տնօրենը, թե բա՝ չէ, չեմ վստահում դատարանին: Բայց վստահում է դասադուլին և աշակերտներին լացացնելուն, չի կամենում աշակերտներին և աշխատողներին կոչ անել՝ դադարեցնել դասադուլը, նստել դասի: Վարչապետն է նախարարի և մարզպետի հետ ելնում գնում դպրոց, խոսում է բոլորի հետ, լսում է բոլորին, հանձնարարում է խորհրդի վրա ինչ-ինչ ճնշումների մասին տեղեկությունները քննության առնել ոստիկանությունում, խորհուրդ է տալիս տնօրենին՝ դիմել դատարան, տնօրենն անդրդվելի է, ղալմաղալը չի լռում, մանկավարժները գործից ելնելու դիմում են գրում, աշակերտների մի մասը ասում են, թե ելնելու են դպրոցից: Մանկավարժներից մի քանիսը, թե բա՝ ափսոս մեր քվեները, որ տվեցինք «Իմ քայլը» դաշինքին:

Հետգրություն. լսում եմ աշակետրների բողոքը, որով պաշտպանում են նախկին տնօրենին, ինձ թվաց, որ մանկավարժներն են խոսում. «նոր տնօրենը թող գնա չորս պատերի հետ դաս անի», «մենակ է մնալու, կտեսնեք», «մեր դպրոցում կոռուպցիա չի եղել», «երբ, որ մենք պայքարում էինք պարոն Փաշինյանի համար, ընկեր Կարապետյանը աշակերտներին ցույցի հանեց», «ես նոր տնօրենին ոչ մի անգամ չեմ տեսել, թող գար մի օր երևար, տեսնեին, նա ընենց քայլեր է արել որ, ..., օրինակ թեկնածություն դրած թեկնածու է եղել, դրել ֆեյսբուքում ակտիվ քննարկումների էր մասնակցում», «մենք էլ դասի չենք գալու, դուրս ենք գալու դպրոցից», «մեզ ասել են՝ թող ավարտական դասարանների երեխաները վախենան, որովհետև կարող է չավարտեն դպրոցը», «տնօրենը մեր մասին մտածում է այնպես, ինչպես մեր սեփական մայրը»»:

6940 | 2
Facebook