Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեզ մեծ անակնկալ մատուցեցին Քարվաճառի եկեղեցիներից մեկում սվաղի շերտին առկա արձանագրերը». Սամվել Կարապետյան

00:20, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
«Մեզ մեծ անակնկալ մատուցեցին Քարվաճառի եկեղեցիներից մեկում սվաղի շերտին առկա արձանագրերը». Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վիմագրական ժառանգության տասնյակ հազարավոր հայտնի նմուշների ճնշող մեծամասնությունը փորագիր է (ներառյալ ելնդագիր տարբերակը), ապա նաև ներկագիր, խազագիր և այլն: Ածխագրերը, որպես այդպիսին, ոչ միայն սակավադեպ են, այլև բովանդակային առումով գրեթե բացառապես հիշատակագրային: Այս իմաստով մեզ մեծ անակնկալ մատուցեցին Քարվաճառի շրջանում, Տրտու գետի աջ ափին գտնվող Աստվածածնի վանքի ԺԲ դարավերջին կառուցված զույգ եկեղեցիներից հարավայինի ներսում սվաղի շերտին առկա արձանագրերը: Ստորև Ձեր ուշադրությունն եմ հրավիրում եկեղեցու խորանի մեջ, հյուսիսային որմի ածխագիրը.

«Կամաւն այ, ես` Մանուչարի տղայ Օհանէս եկի ի սրբո վ... Աստուածածին ... եկեղեցիս Աստուածածին անապատ Կուսանաց, էի` գաւառէն Ծարլոււայ, կառոյցի վանս Դադոի ... հաւաքեալ զսբ. նշխար, որոց ... առե... ...ամենայնի ...կին կաթղկոսութէ տն. Եղիազարի ի սբ. աթոռ Էջմիածինի ... խաղաղութե ... ցհասակին ... ասացէք ած իւրն աջողի...»:

Առաջին հայացքից խզբզանքի նմանվող 16 տողանի ածխագիրը (եղծված հատկապես ստորին կեսում) մեր առջև պարզում է մի շարք ուշագրավ տվյալներ:
     Այսպես.
     ա) Արձանագրության հեղինակը` Մանուչարի որդի Հովհաննեսը նորոգել էր Դադի վանքը:
     բ) Գոնե ԺԷ դարում վանքն արդեն վերափոխվել էր Կուսանաց անապատի (ԺԲ դարի շինարարական արձանագրություններում նման բան վկայված չէ).
     գ) Ծար գավառանունը ԺԷ դարում, նույնիսկ հայերը վկայել են թրքական տեղանվանական վերջածանցով` Ծարլու.
     դ) Ժամանակը որոշվում է Եղիազար կաթողիկոսի գահակալության տարիներով (1681-1691).

Մանրամասները և վանքի նույն եկեղեցու մյուս ածխագրերի ընթերցումները՝ «Մռավականք» հատորում»:

7484 | 0
Facebook