Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որևէ մեկը չի պլստալու». Նիկոլ Փաշինյան

19:55, չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ.
«Որևէ մեկը չի պլստալու». Նիկոլ Փաշինյան

Ինչպես արդեն նշել ենք, րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսակցության գաղտնալսմանը: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը մասնավորապես ասաց հետևյալը. «Չնայած քիչ անց՝ մոտավորապես 2 ժամից Հանրայինի եթերում հանդիպելու ենք, քանի որ տեղի է ունենալու աննախադեպ բանավեճ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ, բայց ես հիմա ուղիղ եթեր եմ մտել՝ արձագանքելու այսպես կոչված «գաղտնալսման երկրորդ սերիային», որը տեղադրված է նաև իմ ֆեյսբուքյան էջում:

Ուզում եմ պարզ մի հարց հնչեցնել՝ ինչու՞, ինչու՞ է արվում այդ ամենը, որովհետև կոռումպացված համակարգը տեսնում է, որ օղակը սեղմվում է, կոռումպացված համակարգը տեսնում է, որ այն, ինչ մենք խոստացել էինք, քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, և որևէ մեկը չի պլստալու:

Բոլոր կոռումպացվածներին մենք հատ-հատ կանչելու ենք պատասխանատվության՝ ժողովրդի անունից և ժողովրդի մանդատով, որովհետև ըստ էության այս գաղտնալսումները հրապարակվում են՝ փրկության օղակ լինելու իրենց կոռումպացված համակարգի համար: Ես նախկինում էլ ասել եմ, և հիմա էլ շարունակում եմ պնդել, որ սա ըստ էության, հայտարարված պատերազմ է Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության նկատմամբ և այս պատերազմը հրահրողներին սպասվում է ջախջախիչ պարտություն:

Նախորդ անգամ Երևանի ավագանու ընտրություններ էին և ես կոչ արեցի այն ժամանակ միանալ Դավիթաշենում տեղի ունեցող հանրահավաքին, հիմա այսօր կոչս ուրիշ է. այս հակապետական գործունեությանն արձագանքելու համար անհրաժեշտ է անկախ եղանակային պայմաններից, նույնիսկ եթե սելաֆ ու բորան լինի, դեկտեմբերի 9-ին անպայման գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ վերցնելով համար 4 քվեաթերթիկը:

Ուզում եմ հիշեցնել, որ սա վարչապետի ընտրություններ է առաջին հերթին և ես հույս ունեմ ՀՀ քաղաքացիներից ստանալ շատ ուժեղ մանդատ՝ վերադարձնելու ժողովրդից կոպեկ-կոպեկ գողացածը և ջախջախիչ հարված հասցնելու սանձազերծված այս պատերազմին:

Ես համոզված եմ, որ ամեն ինչ այդպես էլ կլինի, որովհետև այս քարոզարշավի ընթացքում մենք շփվել ենք քաղաքացիների հետ, ես տեսել եմ ժողովրդի դուխն ու կամքը:

Ես չգիտեմ, արժի՞ անդրադառնալ այս գաղտնալսման բովանդակությանը, քանի որ սրան անդրադարձել եմ սեպտեմբերի 12-ին ԱԺ-ի ամբիոնից իմ ելույթում, որը տեղադրել եմ իմ էջում:

Այս խոսակցությունների մասին իմ ելույթում կրկնակի ավելի շատ տեղեկատվություն կա, քան այս գաղտնալսման մեջ: Այս գաղտնալսումը մոնտաժված է, այնտեղ կան դրվագներ, որոնց մասին ես իմ ելույթում պատմում եմ: Դա ուղղակի կտրտված ու հանված է:

Մասնավորապես, հանված են այն դրվագները, երբ ԱԱԾ տնօրենն ասում է՝ դատավորը վախեցած է, ես էլ ասում եմ՝ ի՞նչ է նշանակում դատավորը վախեցած է: Դուք Ազգային անվտանգության ծառայություն եք և պարտավոր եք ապահովել դատավորների անվտանգությունը և անկախությունը: Եթե չեք կարողանում պաշտպանել, ուրեմն սխալ եք աշխատում:

Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ ևʹ ԱԱԾ պետի, ևʹ ՀՔԾ գործողությունները, դրանց բովանդակությամբ բացահայտվող գործողությունները միանշանակ տեղավորվում են նրանց պաշտոնեական գործառույթների շրջանակներում: Այլ բան, որ երբ հեռախոսով խոսում են՝ այդ մարդիկ չեն ասում, ենթադրենք, Քրեական դատավարության օրենսգրքի ասենք, 64 հոդվածի 4-րդ կետի համաձայն, մենք կմիջնորդենք, որ այս բանը այսպես տեղի ունենա:

Այն, ինչ կա այդ գաղտնալսման մեջ, դուք ինձնից լսել եք սեպտեմբերի 12-ին ԱԺ ամբիոնից:

Որևէ կասկած չկա, որ սա հակահեղափոխության հերթական դրսևորում է և կասկած չկա, որ հակահեղափոխությանը, կոռումպացված համակարգին սպասվում է ջախջախիչ պարտություն, իսկ կոռուպիոներներին սպասվում են քրեական գործեր, այո՛, կլինեն կալանավորումներ, կլինեն դատավճիռներ: Նրանք իրենց թալանածը պետք է վերադարձնեն ժողովրդին:

Ես կոչ եմ անում առաջիկա ընտրություններին քվեարկել նաև հանուն դրա, քվեարկել իմ օգտին որպես վարչապետի թեկնածու և դրանով պատվիրակել, որ բոլոր կոռումպացվածներին բերենք դատարան և նրանց թալանած փողերը կբերենք բյուջե՝ ծառայեցնելով Հայաստանի բարեկեցությանը, նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և ընդհանրապես ազգային երազանքների իրականացմանը»:

6494 | 7
Facebook