Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Համաներմամբ բաց թողնվեց «մարդն», ով սպանել էր մի տարեկան երեք ամսական տղայիս». որդեկորույս ծնողները զայրացած են

00:15, չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ.
«Համաներմամբ բաց թողնվեց «մարդն», ով սպանել էր մի տարեկան երեք ամսական տղայիս». որդեկորույս ծնողները զայրացած են

Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, ապրիլի 24-ին վթարի հետևանքով հիվանդանոցում մահացած մեկ տարեկան երեխայի՝ Յուրի Պոպովի ծնողները ֆեյսբուքյան էջում գրել են. «Finita la comedia!! Ուրիշ չգիտեմ, ոնց անվանեմ էս երևույթը։ Այսօր ցերեկը 14:30-ի սահմաններում Կենտրոնի դատարանի շենքից բաց թողնվեց «մարդը», որ սպանել էր մի տարի երեք ամսական տղայիս (խոսքը սույն թվականի ապրիլի 23-ի վթարի մասին է)։ Հա, հա սխալ չհասկացաք, ազատ է արձակվել էն «մարդն», ով լկտիաբար քշելով, խփել է մեր տաքսիին ու հետո փախել, հանձնվել երկու օր հետո, երբ ամբողջ համացանցով մեկ տարածվել էր վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը, այն «մարդը», ով չի բարեհաճել նույնիսկ գալ հիվանդանոց ու հետաքրքրվի՝ ոնց են տուժածները կամ գոնե ներողություն խնդրի, ինչը լիովին բնութագրում է նրա տականք լինելու փաստը (ի դեպ նույնը կարելի է ասել իր բարեկամների մասին):

Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, ապրիլի 24-ին տեղի ունեցած վթարը, որի հետևանքով մահացավ մեկ տարեկան 3 ամսական Յուրի Պոպովը
Ոչ, դատարանը, մեղադրողը կամ դատավորը ծախված չեն, ու էդ մարդիկ պատշաճ ձևով են կատարել իրենց պարտականությունները, որի համար շատ շնորհակալ եմ իրենցից։ Մեղավորը մեր օրենքներն են, որ նման արարքներին տալիս են շատ մեղմ պատիժ (եթե իհարկե տալիս են), մեղավորը մարդիկ են, որ համաներման նախագիծը մշակելիս մահվան ելքով դեպքերը հաշվի չեն առել։ Արդյունքում էլ ունենք էն, ինչ ունենք (շաբաթական մոտ 5-6 զոհ ճանապարհներին): Բայց էդ դեռ վերջը չի, իր ճառի ընթացքում անբարո (մարդ անբարոյական հոգով է, շատ անգամ փողոցի մարմնավաճառը բարոյապես ավելի բարձր է քան նման մարդիկ) պաշտպանը` Համազասպուհի Գրիգորյանն, այսօր մեղադրեց բոլորին` մեղադրողին, փորձագետներին, դատավորին, մեր տաքսու վարորդին, էստեղ барабанная дробь, ու մեզ, բացի իրա պաշտպանյալից: Հա մեղադրեց մեզ` ծնողներիս: Իբր երեխային ամրագոտի չկապելու համար կամ քարսիթ չօգտագործելու մեջ։ Կկրնեմ բոլոր նման վիժվածքների կոկորդը կկրծեմ, ով իմ իսկ մեթոդները իմ դեմ կիրառի, լավ հիշեք։ Նման բութ արարծների համար ևս մեկ անգամ կրկնեմ 150 սմ-ից պակաս հասակ ունեցող երեխային չի կարելի ամրագոտին գցել, այլապես թեթև առաջ գնալուց երեխան կարող է խեղդվել, կամ կվնասվեն ներքին օրգանները։ Հա, մեկ տարեկան երեք ամսական երեխան 150 սմ կամ ավելի բոյ չի կարող ունենալ, եթե չունի գիգանտիզմ անոմալիան։ Ինչ վերաբերում է քարսիթերին, ես համոզված կարող եմ ասել, որ մինչ ես ու ամուսինս չխոսեցինք, չբարձրաձայնեցինք էս խնդիրը, ոչ ոք չի խոսել երբևէ դրա մասին, ու Համազասպուհու նմանները նույնիսկ քարսիթ կամ հատուկ մանկական նստատեղ տերմինը չգիտեին (համոզված եմ հիմա ինքը կարդում ա էս գրառումը, քանի որ շատ ուշադիր է հետևում մեր ֆեյսբուքյան էջերին), ու էդ մեր ու մեր ընկերների ջանքերով է, որ ծնողները հիմա ունեն հնարավորություն պատվիրել yandex ու gg տաքսիներ կահավորված քարսիթերով։ Մենք չունեինք էդ հնարավորությունը (քանի որ, ինչպես նշեցի, մեզանից առաջ էս խնդիրը ոչ ոք չի բարձրաձայնել), քանի որ ոչ մեքենա չունեինք, ոչ էլ այդ ժամանակ նման ծառայություններ կային տաքսիներում (Համազասպուհին դրա մասին լավ գիտի)։ Էսքանից հետո ձեզ եմ թողնում իրավունքն ինչպես անվանել նման մարդուն, ով այսօր մեզ մեղադրեց մեր միակ ու երկար սպասված զավակի մահվան համար։ Սիրելի ծնողներ, սարգիս գյուլումյանները քիչ չեն, մենք ամուսնուս հետ պայքարում ենք ձեր երեխաների անվտանգության համար ու ամեն ինչ կանենք, որպեսզի օրենքը գործի և յուրաքանչյուր ծնող, անկախ նրանից՝ ունի մեքենա, թե ոչ, կարողանա պաշտպանել իր երեխաներին։ Բառերով բացատրել էն ցավը ու խորը հիասթափությունը, որ ապրեցի էսօր, ի վիճակի չեմ, գրում եմ արցունքներն աչքերիս... Փոքր երեխայի կյանքը, ցավոք, այդքան գին չունի, որ մեղավորը պատժվի...
     Հ. Գ շնորհակալություն էն մարդկանց, ովքեր կանգնեցին, օգնեցին մեզ և տեղափոխեցին մեզ հիվանդանոց, ցավոք մինչ օրս բոլորին չգիտենք, շնորհակալություն էն մարդկանց ովքեր եկան դատարան ցուցմունքներ տալու և վիդեոռեգիստրատորի նյութը պատկան մարմիններին փոխանցելու համար»:

13120 | 0
Facebook