Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ այժմ Ռուսաստանի հետ համագործակցության համար հարմար պահ չէ: Այս մասին նա ասել է BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում:
«Այժմ, երբ օկուպացված գոտում մարդկանց են առևանգում, և այդ գոտին ձգվում է մեր տարածքի երկայնքով, չեմ կարծում, թե այդպիսով Ռուսաստանը մոտենում է Թբիլիսիին... հաշվի առնելով նաև այն, թե ինչպես է Ռուսաստանն իրեն դրսևորում Ուկրաինայի նկատամբ, չեմ կարծում, թե այդ ամենը կարող է համագործակցության հանգեցնել»,- ասել է Զուրաբիշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանն այժմ եվրոպամետ դիրքորոշում է զբաղեցնում, և եթե Վրաստանի արևմտյան գործընկերները՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի գլխավորությամբ, երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ, ապա Վրաստանը ևս կսկսի:
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ սպասում են Զուրաբիշվիլիի առաջին հայտարարությանը: