Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի նորընտիր նախագահը կհրաժարվի Սաակաշվիլիի կառուցած նստավայրում աշխատելուց

17:00, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
Վրաստանի նորընտիր նախագահը կհրաժարվի Սաակաշվիլիի կառուցած նստավայրում աշխատելուց

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հրաժարվել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի՝ Հավլաբարում կառուցած նախագահական նստավայրում աշխատելուց, փոխանցում է Грузия онлайн-ը:

Զուրաբիշվիլին, ամենայն հավանականությամբ, կտեղավորվի Թբիլիսիում Աթոնելի փողոցում գտնվող նախագահական պալատում:

Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը նախատեսվում է դեկտեմբերի 16-ին: Վրաստանի սահմանադրության համաձայն՝ երկրի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունն ու գործունեությունն սկսվում են ընտրության օրվանից 3-րդ կիրակի օրը:

Պարբերականը հիշեցնում է, որ 2013թ., երբ նախագահի պաշտոնը զբաղեցրեց Գեորգի Մարգվելաշվիլին, նա ևս հայտարարեց, որ մտադիր է հրաժարվել Սաակաշվիլիի կառուցած պալատից, սակայն 2014թ. մարտին տեղափոխվեց Հավլաբարի նախագահական նստավայր, և հենց դա դարձավ Մարգվելաշվիլիի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության միջև տարաձայնության պատճառ:

Հավլաբարի՝ 6 հազար քառ. մ տարածք ունեցող նախագահական նստավայրի վրա, պարբերականի փոխանցմամբ, ծախսվել է ավելի քան 4,5 միլիոն լարի (ավելի քան 1,6 միլիոն դոլար):

5816 | 0
Facebook