Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սկզբունքային ընտրություն». Վրաստանի նորընտիր նախագահը դիմել է քաղաքացիներին

12:45, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
«Սկզբունքային ընտրություն». Վրաստանի նորընտիր նախագահը դիմել է քաղաքացիներին

Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին կին նախագահը՝ 66-ամյա Սալոմե Զուրաբիշվիլին, ընտրություններում հաղթանակ տանելուց հետո դիմել է երկրի քաղաքացիներին և շնորհակալություն հայտնել աջակցության համար:

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Այսօր կարևոր օր է: Այսօր մեր երկրում սկզբունքային ընտրություն կատարեցին: Այդ ընտրությունը Վրաստանի ներկայի և ապագայի համար մեծ նշանակություն ունի: Միասին վերջնականապես և համոզիչ կերպով հրաժարվեցինք մեր երկրի առաջընթացին խոչընդոտող անցյալից: Մեր ընտրությունն ազատ և խաղաղ Վրաստանն է: Մենք պետք է ամբողջական և ուժեղ դարձնենք մեր երկիրը: Եվ այսօր խոստանում եմ Ձեզ անել ամեն ինչ, որպեսզի հասնենք դրան, որպեսզի միավորվենք»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բոլոր ընտրատեղամասերի 99,7% տվյալների մշակումից Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 59,56%-ը: Նրա մրցակիցը՝ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքել է ձայների 40,44%-ը:

Նշենք, որ Վրաստանը նոր նախագահ է ընտրել 6-ամյա ժամկետով: Հաջորդ նախագահին կընտրի ոչ թե ժողովուրդը, այլ 300 անձից բաղկացած ընտրական խումբը: Հավելենք նաև, որ ընտրությունների արդյունքներին դեմ է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով կոչ է արել դուրս գալ փողոց՝ պայքարի:

5526 | 0
Facebook