Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշակերտուհիները ցատկել են դպրոցի 2-րդ հարկից ու կոտրվածք ստացել. մանրամասներ Արևիկում տեղի ունեցած միջադեպից

22:15, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
Աշակերտուհիները ցատկել են դպրոցի 2-րդ հարկից ու կոտրվածք ստացել. մանրամասներ Արևիկում տեղի ունեցած միջադեպից

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Արևիկի դպրոցում կատարված դեպքի մասին այսօր արդեն համայնքի վարչական ղեկավարն ու տնօրենն ավելի ազատ ու բաց են խոսում, գրում է Armtimes.com-ը: Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզի Արևևիկ գյուղի դպրոցի 7 տարեկան 2 աշակերտուհիներ՝ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանն, ընկել էին դպրոցի երկրորդ հարկից և տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:

Արևիկի վարչական պատասխանատու Վարդգես Մելքոնյանն այսօր աղբյուրի հետ զրույցում մեկ անգամ ևս հավաստեց, որ դեպքն իսկապես տեղի է ունեցել դպրոցում. դասերից հետո երկու ընկերուհիները՝ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանը, դասղեկի հանձնարարությամբ դասերից հետո մնացել են, որ դասարանի ծաղիկները ջրեն:

«Էդ ընթացքում բանալին եղել է դռան վրա, դասվարի երեխեն հիվանդ է եղել, 1 տարեկան երեխա է, զանգել, կանչել են տնից, թույլտվություն վերցրել, շտապ տուն է գնացել, տնօրենն էլ տեղում չի եղել, հանձնաժողովի անդամ է եղել ընտրական: Երեխեքը ջրել են, մյուսները, մեծերը էլի եկել, ինչ-որ խանգարել են, իրանք էլ տեսել որ, բալնիքը սեղանի վրեն է, փակել են ներսից դուռը, ու էլ չեն կարողացել բացեն: Ու ըդպես մնացել են դասարանի մեջը: Տեսել են, որ էլ չեն կարող բացեն, խելոք սկսել են դաս կարդալ, գրավոր ենել, մինչև տեսնին, թե ով գուկա, որ բացե: Պահակն էլ եկել, նայել է, որ մարդ չկա դպրոցում, փակել դուռը գնացել է տուն: Երեխեքն ահագին ժամանակ, մի երկու ժամ սպասել են, հետո վախեցել են, երևի մտածել են, թե մնալու են ներսում ու հասկացել, որ դուռը բացող չկա, իրենց լսող չկա, կախվել են պատուհանից ու ընկել են երկրորդ հարկից»,-պատմեց Արևիկի վարչական ղեկավարը:

Նույնը պատմեց նաև դպրոցի տնօրեն Հակոբ Թորոյանը: Նաև ավելացրեց, որ երեխաները ոչ ձայն են հանել, ոչ աղմկել, դրա համար նույնիսկ պահակը չի իմացել, որ ներսում մարդ կա: «Եկել ստուգել է տարրական դասարանները, դուռը փակ է եղել, ձայն էլ չեն հանել: Հետո էլ երեխաները թռել են, բանալիներն էլ հետները վերցրել են»:

Երեխաները տուն չեն գնացել մինչեւ ժամը 15:00-ն: Ինչու՞ ծնողները չեն անհանգստացել, երբ երեխաները տուն չեն գնացել ժամանակին՝ աղբյուի հարցին վարչական ղեկավարը պատասխանեց, թե բնական է, որ երեխաները կարող էին ուշ հասնել տուն: «Մեր դպրոցը շատ հեռվում է գտնվում, գյուղից համարյա 2 կմ հեռու է, երեխեքը դասերից հետո դուրս գուկան, իրար հետ խոսալով, խաղալով տուն գուկան: Ու ուշանալը ըդպես վտանգավոր չէ, էլի: Բայց ասեմ, որ նախքան լուսամուտից ընկնելը աղջիկները լուսամուտը բացել, գոռացել են, բայց դե տարածքում ոչ տուն կա, ոչ մարդ, որ իրանց լսեր»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

5685 | 0
Facebook