Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Մեծ խնդրանք և հորդոր՝ լքե՛ք ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնը». Կարեն Գրիգորյան

01:20, հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ.
«Մեծ խնդրանք և հորդոր՝ լքե՛ք ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնը». Կարեն Գրիգորյան

Երգահան Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին, որում մասնավորապես ասված է. «Օրիորդ Մակունց, լինելով մշակութային գործիչ, ունենելով համեստ մշակութային անցյալ և փորձ, սակայն, երբեք ինքս ինձ չհամարելով «մշակույթ»՝ այս բաց նամակով դիմում եմ Ձեզ։

Հասկանում ենք, որ առհասարակ, հեռու լինելով մշակույթից, չունենալով համապատասխան գիտելիքներ և փորձառություն, զուտ քաղաքական նկատառումներով վստահվեց Ձեզ այնպիսի լուրջ գործունեություն, ինչպիսին է ՀՀ Մշակույթի նախարարության ղեկավարումը։ Վերջինս, ի գիտություն Ձեզ, ենթադրում է նվազագույն մշակութային գործելակերպ։
     Ցավում եմ, որ Ալեքսանդր Սպենդարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնը «Արամ Խաչատրայան» համերգասրահից չտարբերող նախարարը որոշում է կայացրել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23-ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու Մարգարյանի հարազատների խնդրանքը մերժել, ինչն էլ դժգոհության մեծ ալիք է բարձրացրել իրապես արվեստագետների և արվեստասեր հասարակության շրջանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից ելնելով` վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը եղել է բարձր մասնագետների՝ իրենց ծառայությունն ի նպաստ Հայաստանի Հանրապետության առաջարկելու անկարողությունը, և ուրեմն` մեծ խնդրանք և հորդոր լքե՛ք ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնը և այն զիջեք մշակութային այնպիսի գործչի, ով լայն վստահություն է վայելում մեր հասարակության կողմից. օրինակ` Վահան Արծրունի, Լիլիթ Պիպոյան, Արմինե Անտիկյան, Դավիթ Սահակյանց և այլոք, մշակութային գործիչներ, ովքեր վստահաբար արժանի են ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնն ստանձնելուն»:

12596 | 3
Facebook