Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում լքել պաշտոնը՝ չնայած իր հասցեին հնչող բազմաթիվ քննադատություններին և օգտատերերի անվտանգության հետ կապված սկանդալին:
«Նման ծրագրեր չկան»,- ասել է Ցուկերբերգը:
Հիշեցնենք, որ ընկերության մի շարք ներդրողներ հանդես էին եկել Ցուկերբերգին պաշտոնաթող անելու առաջարկով: Նշենք, որ Ցուկերբերգը միաժամանակ զբաղեցնում է նաև Facebook-ի գործադիր տնօրենի պաշտոնը:
Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի վաղ հոդված էին հրապարակել, ըստ որի՝ ընկերության ղեկավարությունն օպերատիվ միջոցներ չի ձեռնարկել՝ կանխելու ԱՄՆ-ի քաղաքական գործընթացներին միջամտության փորձերի մասին նյութերի տարածումը: Ամերիկյան լրատվամիջոցների պնդմամբ՝ Ցուկերբերգն ու Facebook-ի բարձրաստիճան պաշտոնյա Շերիլ Սենդբերգը թաքցրել են նման դեպքերն ու անտեսել դրանք:
CNN-ի հետ զրույցում Ցուկերբերգը պաշտպանել է Սենդբերգին ու ասել. «Հպարտանում եմ մեր համատեղ աշխատանքով, որը կձգվի դեռ տասնամյակներ»:
Ցուկերբերգը նաև խոստովանել է, որ սոցցանցում կան խնդիրներ, և որ քննադատություններն արդարացված են: