Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի կենդանաբանական այգում զեբրի թունավորումը դիտավորություն է եղել

20:00, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Երևանի կենդանաբանական այգում զեբրի թունավորումը դիտավորություն է եղել

Երևանի կենդանաբանական այգում զեբրի թունավորումը դիտավորություն է եղել: Կենդանաբանական այգու տնօրենը կասկածներ ունի, թե ովքեր կարող են դա արած լինել, սակայն քննության արդյունավետության նպատակով դեռ չի նշում անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այս մասին ասաց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում: «Ցավոք, հաստատվեցին զեբրի թունավորման կասկածները: Արվել է փորձաքննություն պատկան պետական մարմնի կողմից, դիահերձա-դատաբժշկական փորձաքննություն է արվել, որով բացահայտվել է, որ մկնդեղի քանակ կա զեբրի արյան մեջ:

Սա անթույլատրելի երևույթ է. որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրների համար նման քայլի կարող են դիմել: Զեբրի թունավորման համար կան կասկածներ, որոնց մասին չեմ կարող ասել՝ քննության արդյունավետությունից ելնելով: Գործը գտնվում է իրավապահ մարմինների մոտ»,- ասաց Խաչատրյանը:

Ի պատասխան հարցին՝ աշխատակիցներն արդյո՞ք ներգրավված են, և այդ դեպքում կա՞ դիտավորություն, այգու տնօրենն ասաց. «Աշխատակիցներ ներգրավված են, թե ոչ, չեմ կարող ասել, բայց որ դիտավորություն կա, դա հաստատ է»:

Խաչատրյանը նկատեց, որ իր նշանակվելուց ի վեր ամեն անգամ, երբ նոր քաղաքապետ է ընտրում, ալիք է բարձրանում կենդանաբանական այգու տնօրենին փոխելու համար: «Ամեն անգամ նման ալիքի հետևում տարբեր մարդիկ են՝ նախկին կամ ներկա աշխատակիցներ: Բոլոր կետերը զրպարտանքներ են»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել զեբրի անկման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի երկրորդ մասով:

4585 | 2
Facebook