«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Կարենին և պահանջում Կարենի վերադարձը: Կարենի փոխարեն կարող է լինել յուրաքանչյուրը»,- ի նշան Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի զորակցության, ասում էին Կառավարութան շենքի մոտ բողոքի ցույց անող Բերդավան գյուղի բնակիչները:
Թե որն է կառավարությունից ցուցարարների կոնկրետ պահանջը, նշեցին, որ ցանկանում են որպեսզի վարչապետը հանդիպի Կարեն Ղազարյանի ծնողների հետ:
«Այսօր ոչ մի բերդավանցի իրեն պաշտպանված չի զգում, այն թաղամասերը, որոնք մոտ են սահմանին, պետք է հսկողություն իրականացվի, քանի որ մենք մեր տանը մեզ ապահով չենք զգում»,- ասացին բողոքի ցույցի մասնակից երիտասարդներն ու ուսանողները, որոնք Երևանի պետական համասարանի մոտից այսօր երթով շարժվել են դեպի Կառավարության շենք։
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավանի բնակիչները բողոքի ցույց են իրականացնում՝ իշխանություններից պահանջելով բանակցել ադրբեջանական կողմի հետ և ետ վերադարձնել Բերդավանի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին, որը չորս ամիս է արդեն՝ Ադրբեջանում գերության մեջ է։
Նշենք, որ երեկ բերդավանցիները փակել էին գյուղի ճանապարհը, ավելի ուշ՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: