Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրային խորհրդում ձևավորվել է նոր հանձնաժողով

22:20, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Հանրային խորհրդում ձևավորվել է նոր հանձնաժողով

Հանրային խորհրդում ձևավորվել է նոր հանձնաժողով, որը զբաղվելու է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով։

Այսօր կայացել է հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում հանձնաժողովի 42 անդամներն ընտրել են հանձնաժողովի նախագահ։
     Առաջադրված երկու թեկնածուներից առավելագույն ձայներ ստացել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր և գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանը։

Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ցանկանում են տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և տրանսպորտի համակարգում առաջարկել թարմ գաղափարներ, բարձրացնել խնդիրներն ու առաջարկել նորարարական լուծումներ։

Արմեն Բալդրյանը, ներկայացնելով ոլորտի զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ու տեսլականը, հույս է հայտնել, որ Հանրային խորհրդի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովը կդառնա ՀՀ կառավարության և մասնագիտական հանրության միջև համագործակցության արդյունավետ ու փոխշահավետ հարթակ։

Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների վերջնաժամկետը ս․թ․ նոյեմբերի 8-ն էր): Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով համալրվում են Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմի 30 անդամները: Այնուհետև 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում են թեկնածուներ, որից հետո փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ ամբողջացնելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։

3640 | 1
Facebook