Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Ուսանողների միջազգային օրն է

11:10, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Այսօր Ուսանողների միջազգային օրն է

Նոյեմբերի 17-ը որպես ուսանողության օր է նշվում ի հիշատակ 1200 ուսանողների, ովքեր 1939 թվականին ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Չեխոսլովակիայում ձերբակալվեցին և ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ:

Երկու տարի անց Լոնդոնում կայացավ ուսանողների միջազգային հանդիպումը` ընդդեմ ֆաշիզմի, որի ժամանակ էլ որոշվեց այդ ուսանողների պատվին նոյեմբերի 17-ը նշել որպես ուսանողի օր:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ.

«Հայ ուսանողության յուրաքանչյուր սերունդ ժառանգել է նախորդի լուսավոր ու ազատամիտ գաղափարները և զարգացնելով դրանք` որպես մի հին, բայց նորացված արժեհամակարգ՝ փոխանցել է հաջորդ սերնդին:

Վկան՝ հայ առաջին ուսանողները՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, հետո միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոնների՝ Գլաձորի ու Տաթևի համալսարանների սաները, ովքեր Հայաստանում տարածեցին հայ պատմիչների մատյանները, Անանիա Շիրակացու մաթեմատիկական գիտելիքներն ու Մխիթար Հերացու բժշկագիտական խորհուրդները:

Եվ հայ ուսանողությունն էր, որ բոլոր ժամանակներում ըմբոստանալու էր Հայաստանին սպառնացող յուրաքանչյուր թշնամու դեմ ու իր ընդհատված ուսումնառությունն ավարտելու էր մարտադաշտերում:

Եվ խոնարհվելով հայրենիքի համար իրենց կյանքը զոհած բոլոր ուսանողների պայծառ հիշատակի առջև` նաև պիտի արժանին մատուցենք ա՛յն ուսանողների սխրանքին, ովքեր շուրջ յոթ տասնամյակ առաջ Պրահայում ըմբոստացան հիտլերյան ֆաշիզմի մարդակեր ընթացքի դեմ ու 1939 թվականի այս օրը դրա համար վճարեցին իրենց երիտասարդ կյանքերով: Եվ նոյեմբերի 17-ը վաղուց դարձել է ոչ միայն նրանց հիշատակը, այլև բռնության դեմ պայքարում մարդկության համերաշխությունը խորհրդանշող օր:

Քսանմեկերորդ դարում ևս շարունակվում ու նորանոր ձևեր են ընդունում բռնության ու ատելության դրսևորումները: Դրանց դեմ պայքարի լավագույն զենքերը ժամանակակից կրթությունը, գիտելիքն ու զարգացող մշակույթն են: Մարդկության առաջընթացը պայմանավորված է նրանց լույսով, որի տարածողները դո´ւք եք լինելու:

Սիրելի´ ուսանողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ ուսումնառության ընթացքում լավագույնս օգտագործեք միջհամալսարանական կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Թող ձեր հայացքը մի´շտ հառված լինի ապագային և այն ամենը, ինչը յուրացրել եք համալսարանական լսարաններում, ծառայեցնեք Հայաստանի ու Արցախի հետագա զարգացմանը»:

11342 | 0
Facebook