Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ինչո՞ւ է հետաձգվել «Հին Երևան» նախագիծը. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

20:45, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ինչո՞ւ է հետաձգվել «Հին Երևան» նախագիծը. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ Կառավարության նիստում երեկ քննարկվել է «Հին Երևան» նախագիծը, և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի այն շատ շուտով կյանքի կոչվի: Իհարկե, այս թեմային չէի անդրադառնա, եթե ծանոթ չլինեի նախապատմությանը։

2014 թվականին հայրենիք կատարած հերթական այցելության ժամանակ սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշին ՀՀ այն տարիների վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրել էր ֆինանսավորել վերոնշյալ ծրագիրը, որի իրականացումն այդ պահի դրությամբ վտանգված էր։ Ներկա գտնվելով բանակցությունների ամբողջ ընթացքին՝ կարող եմ փաստել, որ ի սկզբանե Վարդան Սրմաքեշին չէր հետաքրքրում այդ ծրագիրը, բայց հարգելով ՀՀ իշխանությունների խնդրանքը՝ միտված տնտեսական ակտիվության հարցում կառավարությանն աջակցելուն և մայրաքաղաք Երևանի պատմական տեսքը վերականգնելուն, նա տվեց իր համաձայնությունը։

Ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը ստանձնում էր պարտավորություն մեկ տարվա ընթացքում կյանքի կոչել Երևանի կենտրոնում գտնվող այդ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահի ճանաչումը, ինչպես նաև կազմել նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը, որտեղ հաշվի պիտի առնվեր տարածքում առկա պատմաճարտարապետական հուշարձանների անձեռնմխելի մնալը։ Այնուհետև դրանք պետք է փոխանցվեին պարոն Սրմաքեշին նախագծի լիարժեք իրականացման համար։

Սակայն ՀՀ կառավարությունը ինչ-ինչ պատճառներով թերացավ և այդպես էլ չկատարեց իր պարտավորությունները ինչպես տարածքի օտարման, այնպես էլ քաղաքաշինական և ճարտարապետական փաստաթղթերի կազմման առումով: Ավելին, բանակցությունների ընթացքում Վարդան Սրմաքեշին խնդրել էին, որպեսզի նախագծի դիմաց հնարավորինս կարճ ժամանակում կառավարությանը փոխանցի 28.5 մլն ԱՄՆ դոլար, քանի որ ծրագրի ձգձգման հետևանքով գործադիրը բանկերի նկատմամբ ունեցած պարտավորությունների պատճառով հայտնվել էր ծանր կացության մեջ: Վարդան Սրմաքեշը հաշված օրերի ընթացքում պարտաճանաչ կերպով փոխանցել էր այդ ահռելի գումարը, սակայն արդեն երեք տարի է՝ նախագիծը շարունակ հետաձգվում է՝ զգալի վնասներ հասցնելով ներդրողին (այդ գումարը եթե, օրինակ, բանկում ներդներ՝ որպես ավանդ, կարելի է պատկերացնել՝ որքան եկամուտ կստանար): Այդքանով հանդերձ հետագայում պարզվեց, որ ներդրողին տրամադրված նախագիծը լուրջ փորձագիտական խնդիրներ ունի, քանի որ շինարարության ընթացքում թաղամասի ճարտարապետական ձևի և բովանդակության տեսանկյունից սկսեցին տարբեր հարցեր ծագել: Մասնավորապես՝ բնակիչները ահազանգեցին, որ իրականացվող ներդրումների արդյունքում վտանգվում են տարածքում գտնվող պատմական արժեքները։

Ի՞նչ է ստացվում. մի կողմից խնդրել ենք գործարարին ներդրումներ կատարել հայրենի երկրում, մյուս կողմից պետական կառույցների ոչ ճիշտ գործելաոճի պատճառով ստեղծել ենք անհարմար իրավիճակ: Հետո ասում ենք՝ ինչո՞ւ են քիչ օտարերկրյա ներդրողները։

Վերադառնալով ՀՀ նոր իշխանությունների վարած քաղաքականությանը՝ ուրախ եմ նշել, որ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի անմիջական մասնակցությամբ, նախագծի հետ կապված, արդեն տևական ժամանակ է՝ ինտենսիվ բանակցություններ են ընթանում գործարարի հետ: Ծրագրի կարևորությունից ելնելով՝ Վարդան Սրմաքեշի հետ հանդիպում և պարբերաբար քննարկումներ է ունենում նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ողջունելով ՀՀ իշխանությունների այսօրինակ սրտացավ վերաբերմունքը ներդրողի հանդեպ՝ ուզում եմ վստահություն հայտնել, որ արդյունքում համայն հայության մայրաքաղաքում մենք ունենալու ենք ամենագողտրիկ վայրերից մեկը, որտեղ, իրավամբ, Հին Երևանով հպարտանալու, հիանալու և այն նորովի սիրելու ու արժևորելու հնարավորությունն է ունենալու ամեն մի հայ»:

| | |
2226 | 1