Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Մելքումով թաղամասի բնակիչների բաց նամակը՝ Երևանի քաղաքապետին

19:05, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Մելքումով թաղամասի բնակիչների բաց նամակը՝ Երևանի քաղաքապետին

Դավիթաշենի Մելքումով թաղամասի մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Պարոն քաղաքապետ, օրերս հայտարարեցիք, որ եթե եղանակը թույլ տա, տարեվերջին Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհը կհանձնվի շահագործման: Սա համարվում է կարևոր ճանապարհ, որը բեռնաթափելու է ավտոտրանսպորտային հոսքը քաղաքի կենտրոնում՝ քաղաքի մի շարք թաղամասեր իրար կապելով շրջանցող արագընթաց ճանապարհներով: Բայց դուք տեղյա՞կ եք՝ թե ինչպիսի ազդեցություն ունեցավ Ձեր հայտարարությունը Դավիթաշենի համայնքի Մելքումով թաղամասի բնակիչների վրա, ում կյանքը մղձավանջ է դարձել այդ արագընթաց ճանապարհների պատճառով, որտեղ չկան լուսացույցներ ու անցումներ: Ճանապարհը նախագծողներին որևէ կերպ չի հետաքրքել հարցը՝ ինչպես են թաղամասի բնակիչները պահպանելու կապը արտաքին աշխարհի հետ, եթե նախատեսված չի, որ բնակիչները կարող են հատել ճանապարհը ոտքով ու դուրս գալ 16-րդ թաղամաս: Թաղամասը գտնվում է Դավիթաշենի ու 16-րդ թաղամասի մեջտեղում: Դուրս ես գալիս տանից ու դիմացդ արագընթաց ճանապարհ է ու պարզ չի՝ ինչպես այն պետք է հաղթահարել տրանսպորտից օգտվելու, խանութ, աշխատանքի, դպրոց գնալու, կենցաղային ամենատարբեր հարցեր լուծել համար, եթե դու չունես մեքենա: Արդյունքում արդեն տևական ժամանակ է՝ մենք ունենք ընտրություն՝ «մահապարտի» նման կամայական հատել ճանապարհն արագ ընթացող մեքենաների դիմացով, հետո հաղթահարել բարձր բորդյուրներ, հետո էլի արագընթաց ճանապարհ, հետո էլի բորդյուրներ, հետո նորից ճանապարհ, ու միայն դրանից հետո, եթե ոչինչ չպատահի, դուրս գալ 16-րդ թաղամաս: Ու սա մի կերպ հնարավոր է, քանի դեռ ճանապարհը լիովին չի գործում, ու մեքենաների հոսքը շատ մեծ չէ, բայց ի՞նչ է լինելու, երբ այն ամբողջ թափով աշխատի:

Տպավորություն է, որ ճանապարհը նախագծողն ու հաստատողները բացարձակ չեն ուսումնասիրել տարածքը՝ որտեղով պետք է անցնի ճանապարհը, չեն խոսել բնակիչների հետ, չեն ճշտել՝ ինչպես այն կազդի շրջակայքում ապրող մարդկանց կյանքի վրա: Ու այժմ մենք հայտնվել ենք անելանելի դրության մեջ: Ողջ ճամապարհի երկայնքով ընդամենը մեկ վերգետնյա անցում է նախատեսված, բայց պարզ չէ՝այն ինչ տրամաբանությամբ են կառուցել: Այն կառուցված է թաղամասի վերջնամասում, ու դրանից կարող են օգտվել ապրողների միայն մի փոքր հատված: Իսկ Ինչո՞ւ պետք է Մելքումով թաղամասի բնակիչները կտրեն մի քանի հարյուր մետր ճանապարհ՝ փողոց անցնելու համար: Ընդ որում, այդ վերգետնյա անցումը չի էլ գործում, ու պարզ չէ՝ էլ ինչ անակնկալներ են սպասվում:

Մենք արդեն մի քանի անգամ աղմուկ ենք բարձրացրել՝ պահանջելով տեղադրել լուսացույց կամ որևէ այլ լուծում տալ, որպեսզի ճանապարհը չդառնա մշտական գլխացավանքի պատճառ, սակայն դրան ի պատասխան առաջին ալիքի եթերում Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի ճարտարագետ Վարդան Կարապետյանը հայտարարեց, թե դա կխախտի ճանապարհի արագընթաց լինելու նպատակը, մեղմ ասած՝ ասաց համակերպվեք՝ ոնց ուզում եք: Այսինքն կարևոր չէ, որ այն խախտում է մեծաթիվ քաղաքացիների իրավունքներ, մեծաթիվ անհարմարություններ ու վտանգներ ստեղծում նրանց կյանքի համար, կարևորը գովազդելն է, որ լավ բան են անում, խոշոր ճանապարհային նախագիծ են, հիմա թող մի քանիսն էլ մեքենայի տա՞կ ընկնեն: Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեր ճարտարագետը, եթե իր երեխան ամեն օր այդ ճանապարհն անցներ, ինչպես մոտակա դպրոց շտապող երեխաներն են ստիպված անում՝ մշտապես լարված պահելով իրենց ծնողներին ու հարազատներին: Առնվազն տրամաբանական չէ՝ ինչու չի քննարկվում առավել ադեկվատ տեղում վերգետնյա անցում կառուցելու տարբերակը: Ինչո՞ւ մեծաթիվ մարդիկ պետք է տանջվեն սխալ նախագծված ծրագրի ու քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անպատասխանատու վերաբերմունքի պատճառով: Ճանապարհի կառուցման ընթացքում էլ մեծաթիվ անհարմարություններ են եղել, երբ օրերով փակում էին բոլոր շրջակա փողոցները առանց պատշաճ զգուշացումների, սարսափելի աղմուկ անում, սակայն հույս ունեինք, որ դժվարությունները արդարացված են, քանի որ լավ բանի համար է, սակայն պարզվում է, որ մեր շահերը առհասարակ հաշվի չեն առել, մեզ ծաղրել են, արհամարհել: Ու մի հատ էլ արդացնում են դա: Ընդ որում ավելի շուտ բողոքելու շանս էլ չունեինք, քանի որ մինչև վերջ էլ լիովին պարզ չէր, թե ինչ ենթակառուցվածքներ են նախատեսված, որևէ տեղ չկային ճանապարհի կառուցվածքը հուշող ցուցանակներ: Պարոն Մարության, Ձեզանից է կախված՝ Մելքումով թաղամասի բնակիները ուրախությամբ, թե բողոքի ակցիաներով կդիմավորեն Ձեզ ճանապարհի բացման արարողության ժամանակ: Մենք ակնկալում ենք իրական լուծումներ, հուսով ենք, որ նոր ավագանին հակված է լինելու նաև մեր ներկայացուցիչը, ոչ թե ուղղակի իներտությամբ շարունակել ու ավելին՝ արդարացնել նախկինների սխալները:

Հարգանքներով՝ Դավիթաշենի Մելքումով թաղամասի մի խումբ բնակիչներ:

Մելքումով թաղամասի բնակիչների բաց նամակը՝ Երևանի քաղաքապետին
Մելքումով թաղամասի բնակիչների բաց նամակը՝ Երևանի քաղաքապետին
Մելքումով թաղամասի բնակիչների բաց նամակը՝ Երևանի քաղաքապետին
Մելքումով թաղամասի բնակիչների բաց նամակը՝ Երևանի քաղաքապետին
Մելքումով թաղամասի բնակիչների բաց նամակը՝ Երևանի քաղաքապետին
Մելքումով թաղամասի բնակիչների բաց նամակը՝ Երևանի քաղաքապետին
Մելքումով թաղամասի բնակիչների բաց նամակը՝ Երևանի քաղաքապետին
Մելքումով թաղամասի բնակիչների բաց նամակը՝ Երևանի քաղաքապետին
| | |
3650 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Vardan
Vardan 19:43, 16.11.2018
Ե՞րբ է լուծվելու հասարակական տրանսպորտի հարցը։