Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էմիլ Կարատը՝ Մարիամ Մերաբովայի համերգի, անակնկալների ու Հայաստանում աշխատանքի մասին

23:05, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Էմիլ Կարատը՝ Մարիամ Մերաբովայի համերգի, անակնկալների ու Հայաստանում աշխատանքի մասին

Հարցազրույց՝ համերգային, երաժշտական ու ժամանցային հաղորդումների վարող, բեմադրող-ռեժիսոր Էմիլ Կարատի հետ:

- Առաջին հերթին, եկեք անդրադառնանք Մարիամ Մերաբովայի հայաստանյան համերգին: Տեղյակ ենք, որ սա սիրված երգչուհու առաջին այցը չէ Հայաստան: Ինչո՞վ է յուրահատուկ լինելու այս համերգը:

- Եթե խոսում ենք Մարիամի և նոյեմբերի 29-ի համերգի մասին, ապա ես առաջին հերթին պետք է ասեմ, որ միշտ իմացել եմ ու ասել եմ Մարիամին այն մասին, որ նա ունի մեծ երկացանկ ներկայացնելու հնարավորություն: Նա հիանալի կատարում է սովետական էստրադային երգերն ու լիրիկական, դրամատիկ ստեղծագործությունները, բալլադները: Կատարում է դրանք ուրույն, իրեն բնորոշ ձևով: Բայց նա շարունակում էր նվաճել ջազային կատարողական արվեստի բարձունքները: Այդ ժամանակ երգչուհու ստեղծագործական կյանքում հայտնվեցին այնպիսի վոկալ ու հեռուստատեսային նախագծեր, ինչպիսիք են «Голос»-ը, «Три аккорда»-ն և այլք: Երգչուհու կյանքը թելադրեց, որ նա պետք է ներկայացնի վառ և նոր երկացանկային ներկապնակ, որը դարձավ «Երջանկության 100 ժամ» ծրագրի հիմք: Ծրագրի պրեմիերան տեղի ունեցավ Մոսկվայի Միությունների տանը: Ես մշտապես ցանկացել եմ, որ Երևանում ունկնդրեն հենց այդպիսի Մերաբովայի: Կարծում եմ, որ ջազ երաժշտության և Մերաբովայի երկրպագուներն անտարբեր չեն մնա և կբացահայտեն բոլորովին այլ Մարիամի:

- Որքա՞ն ժամանակ է՝ ճանաչում եք Մարիամին և ինչպե՞ս սկսեցիք համագործակցությունը:

- Մեր ծանոթությունն, ընկերությունն ու համագործակցությունը սկսվեցին 1995-ին: Արդեն 23 տարի ճանաչում ենք իրար: Մեր ընկերությունը հսկայական պատմություն ունի է, լի լիարժեք փոխըմբռնումով: Ուրախ եմ, որ ես և իմ ընկերները կազմակերպում ենք նրա համերգները մեր հայրենիքում:

-Տեղյակ եմ, որ տարբեր ձևաչափերի միջոցառումներ եք կազմակերպում տարբեր երկրներում: Հե՞շտ է արդյոք աշխատել Հայաստանում: Եվ արդյոք Ձեզ դո՞ւր է գալիս այստեղ աշխատելը:

- Միանշանակ պատասխան չունեմ: Նախագծերն ավարտվում են և տարիներ շարունակ մնում են միայն հաճելի զգացողությունները: Պետք է ասեմ, որ Երևանում ամեն ինչ ուրույն կերպ է: Դժվարություններ կան ամենուր: Երևանում դրանք սպեցիֆիկ են, քանի որ, օրինակ, Հայաստանում չկան համերգային ռեժիսորներ:

- Որքա՞ն համերգային ծրագրեր եք հասցրել իրականացնել Ձեր գործունեության ամբողջ ընթացքում: Դրանցից քանի՞սն եք իրականացրել Հայաստանում:

- Իհարկե, չեմ հաշվել, բայց երևի մոտ 300: Հայաստանում այդքան էլ շատ չեն եղել հանդիսատեսի համար նախատեսված բաց ծրագրերը: Բաց նախագծերից կարող եմ առանձնացնել 2013-ի Երևանյան երաժշտական շաբաթ փառատոնը, 2015-ի Մերաբովայի համերգային շրջագայությունը, Էռնա Յուզբաշյանի հոբելյանական շրջագայությունը: Մասնակցել եմ նաև Նարգիզի համերգի և «Սառույցի արքաները. Fashion on ice» նախագծի իրականացման աշխատանքներին:

- Ի դեպ, Երևանյան երաժշտական շաբաթ փառատոնի մասին: Նպատակ կա՞ այն ևս մեկ անգամ անցկացնել:

- Փառատոնի գաղափարն ու ձևաչափը շատ հաջողված և խոստումնալից էին: Բայց մոտակա ժամանակներս այն իրականացնելու նպատակ չկա: Կարծում եմ, որ Երևանում բազում միջոցառումներ են անցկացվում, և հանդիսատեսը չի աղքատանա, եթե այն չկրկնենք:

- Որքանով հիշում եմ՝ Էռնա Յուզբաշյանի հոբելյանական շրջագայությունը Դուք՝ որպես արտիստի պրոդյուսեր, նվիրել էիք նրա ստեղծագործական գործունեության 30-ամյակին և նրա՝ վաստակավոր արտիստի կոչում ստանալուն: Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ Յուզբաշյանը հետ է տվել այդ կոչումը:

- Մի փոքր ուղղեմ Ձեզ: Այն նվիրված էր Յուզբաշյանի ստեղծագործական գործունեության 35-ամյակին և «The Best» ալբոմի լույսընծայմանը: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ բոլորին թվում էր, թե Էռնայի գրասեղանի դարակում տարիներ շարունակ պահվում էր Վաստակավոր արտիստի կոչումը և նրան պետք է Ժողովրդական արտիստի կոչում տան: 35 տարվա ստեղծագործական գործունեություն ունեցող արտիստուհին, ով հայկական էստրադային երգն էր ներկայացնում համամիութենական և միջազգային մակարդակում, լինելով Կոնստանտին Օրբելյանի նվագախմբի ամենավառ և խարիզմատիկ երգչուհի, նա Վաստակավոր արտիստի կոչում է ստացել միայն 2015-ին: Ապրիլյան այդ օրերին կոչումը վերադարձնելու այդ որոշման մասին ես իմացա մամուլից: Բայց կարծում եմ, որ այդ կոչումը, թեկուզև ուշ, տրվել է նրան ավելի վաղ ժողովրդի կողմից: Կարծում եմ, որ կոչումները, որոնք որոշ արտիստներ այդ օրերին որոշեցին վերադարձնել, պետք է պաշտոնական կերպով հաստատվեն ինչ-որ գերատեսչության կողմից: Կարելի է վերադարձնել թուղթն ու մեդալը, բայց հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ անի հանդիսատեսը, ժողովուրդը: Հե՞տ վերցնի իր ծափահարությունները, ծաղիկները և «բրավոները»:

3242 | 0
Facebook