ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը չի բացառել Չինաստանի հետ սառը պատերազմը: Այս մասին նա ասել է The Washington Post-ի հետ զրույցում:
Փենսը Պեկինին խորհուրդ է տվել մասշտաբային փոփոխություններ կատարել տնտեսական, ռազմական և քաղաքական գործունեությունում՝ դա անվանելով «եթե ոչ վերջին, ապա լավագույն հնարավորությունը»:
«Կարծում եմ՝ դա մեծամասամբ կախված կլինի Արգենտինայից»,- ասել է Փենսը՝ նկատի ունենալով նոյեմբերի վերջին Բուենոս Այրեսում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի նախատեսված հանդիպումը:
Բացի այդ, Փենսի խոսքով, ԱՄՆ-ը պատրաստ է ավելացնել Չինաստանի դեմ տնտեսական, դիվանագիտական և քաղաքական ճնշումները:
«Ամեն դեպքում մեր տնտեսությունն առավել ուժեղ է»,- ասել է Փենսը:
Պարբերականը նշում է, որ անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Չինաստանի հետ սառը պատերազմ չի ցանկանում: