Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ներդրվել է հարկ վճարողների առցանց գրանցման համակարգ

21:30, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ներդրվել է հարկ վճարողների առցանց գրանցման համակարգ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները: Մասնավորապես ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ներդրվել է ուղևորային մաքսային հայտարարագրերի համակարգը: «Այն հնարավորություն է տալիս ապահովել թափանցիկ, դյուրին և արագ գործընթաց՝ հայտարարատուի համար, իսկ մյուս կողմից՝ մաքսային մարմնին հաշվետվողականության և վերլուծական գործիքների կիրառման հնարավորություն է ընձեռվում»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը: «Ուղևորային մաքսային հայտարարագիրը» ինտեգրվել է նաև «Ռիսկերի կառավարում» համակարգին՝ ապահովելով արդյունավետ հսկողություն: Այս մոտեցման կիրառումն ուղղված է հայտարարագիր ներկայացրած ուղևորների ուղեբեռի զննման դեպքերի նվազեցմանը և վերջինների կողմից սահմանահատման գործընթացի արագացմանն ու դյուրացմանը: «Ռիսկերի կառավարում» համակարգի կատարելագործման արդյունքում նաև մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորություն է ստեղծվել, ինչը փորձարկվել է թեստային միջավայրում և կիրառվում է համապատասխան ռիսկերի պրոֆիլների ներդրմամբ: Ըստ Միքայել Փաշայանի, մտավոր սեփականության օբյկեկտների արդյունավետ պաշտպանությունն իրականացվում է թիրախավորման սկզբունքի և ընտրողականության չափանիշների հիման վրա մշակված պրոֆիլների ներդրման և հետադարձ կապի միջոով:

Ընթացիկ տարում ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ներդրվել է մի համակարգ, որն ապահովում է տվյալների փոխանակում ՀՀ մաքսային Մարմինների և IRU ֊ի (INTERNATIONAL ROAD TRANSPORT UNION) միջև իրական ժամանակում։ Համակարգի միջոցով, իրական ժամանակում IRU֊ին տեղեկատվություն է ուղարկվում TIR գործընթացի ավարտի մասին, երբ բեռը հասնում է պահեստ: Եթե հայտնաբերվում են խախտումներ, ապա այդ մասին նույնպես ուղարկվում է տեղեկատվություն։ Նոյեմբեի 1-ից ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ավելացվել է նույնականացման քարտի միջոցով տեղեկատվական համակարգեր մուտք գործելու հնարավորությունը։

Հարկ վճարողների հաշվետվությունների ներկայացման գործընթացը դյուրացնելու և կիրառվող համակարգերն առավել հարմարավետ դարձնելու նպատակով, ըստ Միքայել Փաշայանի, հունվարի 1-ից էլեկտրոնային համակարգում շրջանառության հարկի հաշվարկ ներկայացնելիս իրականացվում է իրացման շրջանառության և ձեռքբերումների վերաբերյալ տեղեկատվության ինքնաշխատ լրացում՝ e-invoicing համակարգում ՀԴՄ-ների, հարկային փաստաթղթերի և ներմուծման գործարքների մասով հավաքագրվող տեղեկատվական բազաների հիման վրա: Իսկ հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը օգոստոսի 1-ից ուղարկվում են էլեկտրոնային եղանակով: Ներդրվել է նաև հարկ վճարողների առցանց գրանցման համակարգը, որը հնարավորություն է ընձեռում հարկ վճարողներին (Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, նոտարներ, ՀՀ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ, դրանց հավասարեցված միջզգային կազմակերպություններ, ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ) առցանց եղանակով հաշվառվել հարկային մարմնում և ստանալհարկ վճարողի հաշվառման համար՝ ՀՎՀՀ:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին, Միքայել Փաշայանը նշել է, որ նախատեսվում է «Մեծ տվյալների» (big data) մշակման և վերլուծության հիման վրա թիրախների հայտնաբերման նոր մեխանիզմների կիրառում և ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում: Արդյունքում հնարավոր կլինի նաև իրականացնել ստվերային տնտեսության վերլուծություն և փոխկապակցված հարկ վճարողների հայտնաբերում՝ ըստ ոլորտների, հարկային մարմին ներկայացված հաշվարկ/հաշվետվություններում արտացոլված տվյալների, երրորդ անձանցից ստացված տվյալների, մաքսային մարմիններ ներկայացված տեղեկատվության համաձայն: «Մեծ տվյալների» վերլուծության պլատֆորմը հնարավորություն կընձեռի հաշված վայրկյանների ընթացքում իրականացնել անսահմանափակ տողերի վերլուծություն և արդյունքների արտածում: Նախատեսվում է նաև ներդնել ստուգման կազմակերպման համակարգ, որը հնարավորություն կընձեռի ավտոմատացնել ստուգումների կազմակերպումն ու ռիսկերի կառավարումը՝ ապահովելով ստուգումների պլանավորում, արդյունքների գրանցում, մոնիթորինգի իրականացում և այլն: Համակարգը ստուգումների կազմակերպման գործընթացում կբացառի մարդկային գործոնը և կապահովի վերլուծությունների ճշգրտության բարձր մակարդակ:

Միքայել Փաշայանի տեղեկացմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է «ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրման և դրանց փոխադարձ ճանաչման» նախաձեռնությունը: Ներկայում մշակվում է ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մեխանիզմ: Նպատակը տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության ծավալի, ժամանակի և ֆինանսական ռեսուրսների կրճատումն է, կրկնակի ներկայացվող փաստաթղթերի և տեղեկատվության բացառումը, ԵԱՏՄ շրջանակում իրականացվող առևտրի խթանումը, բիզնես գործընթացների օպտիմալացումը:

3789 | 2
Facebook