ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալին հորդորել է զբաղվել կոռուպցիոն ներքին խնդիրների պատշաճ քննությամբ:
«Կոռուպցիայի դեմ պայքարի նվաճումների մասին խոսելիս՝ Ադրբեջանը պետք է հիշի, որ դեռևս իրավական գնահատականներ տրված չեն «Պանամայի փաստաթղթերում» Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության, նրանց ընտանիքի անդամների մասին տեղեկություններին, ինչպես նաև պատշաճ քննված չեն Ադրբեջանի կողմից ԵՄ կառույցների տարբեր պաշտոնյաներին կաշառելու և ադրբեջանական ընկերությունների կողմից փողերի մեծածավալ լվացման հարցերը: Հռոմում տեղի ունեցած հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ, Գլխավոր դատախազի տեղակալ Կամրան Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի՝ «գրավյալ տարածքներում կան օրենսդրության չարաշահումներ, կոռուպցիոն ռիսկեր և այնտեղ հնարավոր չէ իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումներ», այս մասին է հայտարարել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ խորհուրդ տալով ադրբեջանցիներին զբաղվել կոռուպցիոն ներքին խնդիրների պատշաճ քննությամբ»,- տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջը: