Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարող եմ բերել 200 օրինակ, որտեղ, եթե 5 բալանոց երկրաշարժ լինի՝ կորուստներ ենք ունենալու». Ա. Մեսչյան

12:40, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
«Կարող եմ բերել 200 օրինակ, որտեղ, եթե 5 բալանոց երկրաշարժ լինի՝ կորուստներ ենք ունենալու». Ա. Մեսչյան

«Հարցը հետևյալն է՝ ի՞նչ ճանապարհով գնալ, որպեսզի կարողանանք անօրինական տարածքները բարաքներից մաքրել և այնտեղ իրականացնենք շինարարություն: Կապ չունի՝ հին տեխնոլոգիայով, թե՞ նոր: Առաջին հերթին այդ մարդկանց սեփականության իրավունքները պետք է վերականգնվեն: Այն մարդիկ, ովքեր վատ կյանքից ելնելով 90-ականներին ինչ-որ կառույցներ են արել, մեջն ապրում են, այդ մարդկանց վերցնել ու զրկել օրինականությունից, դա ուղղակի ողբերգութուն է: Եթե վաղը կառուցապատողը կգա՝ շինարարություն կանի, այդ մարդիկ, բառի բուն իմաստով, կմնան դրսում»,- այսօր Երևանի ավագանու նիստում՝ անդրադառնալով ապօրինի կառույցների ապամոնտաժման խնդրին, ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ օրինակ բերելով երեկ՝ Նոր Նորքում իրականացված դեպքը: «Տեսեք՝ ինչպիսի նուրբ հարց է: Երեկ մենք քանդեցինք անօրինական մի կառույց: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ օրինականացումը որպես քաղաքականութուն մենք վերացնում ենք 100 տոկոսով: Դա հնարավոր չէ»,- շարունակեց ճարտարապետը:

Ըստ նրա, արդյունք ունենալու համար օրինականացման հանձնաժողովը պետք է գիշեր-ցերեկ աշխատի, իսկ համայնքների ղեկավարներն էլ այդ հարցում պետք է աջակցեն. «Մեկ առ մեկ բոլոր կառույցները պետք է ուսումնասիրվեն և գրանցման հարցերը հստակեցվեն, որովհետև մենք ունենք սարսափելի քանակի անօրինական կառույցներ: Ես գիտեմ մի շրջանի մեջ 200 օրինակ, որտեղ, Աստված չանի, եթե 5 բալանոց երկրաշարժ լինի՝ մենք կորուստներ ենք ունենալու: Այսինքն՝ սա մի աշխատանք է, որը բազմաշերտ է և երկարատև աշխատանք է պահանջում»,- եզրափակեց Ա. Մեսչյանը:

5716 | 0
Facebook