Խնդրում ենք սպասել...

Համացանց

Այսօր կույրերի միջազգային օրն է

14:15, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Այսօր կույրերի միջազգային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշման համաձայն, նոյեմբերի 13-ը նշվում է որպես կույրերի միջազգային օր: Օրվա հիմնական նպատակը հասարակության ուշադրությունը տեսողությունը կորցրած մարդկանց խնդիրների վրա կենտրոնացնել է: 1784-ին Փարիզում հայտնի մանկավարժ Վալենտին Հաույը, առանց կառավարության և ոչ պետական բարեգործական կազմակերպությունների օգնության, բացառապես միայն անձնական միջոցներով և իր սեփական տանը բացել է աշխարհում առաջին դպրոցը կույր երեխաների համար` «Աշխատավոր կույրերի արհեստանոց» անունով։ Արհեստանոցի առաջին աշակերտը եկեղեցու գավթի մոտից գտնված Ֆրանսուա դը Լեզյուեր անունով տղան է եղել։ Մինչ այդ աշխարհում հայտնի չէր որևէ ուսումնական հաստատություն կույրերի համար։ Հաույը կույրերին ուսուցանելու համար կիրառում էր իր մեթոդը՝ կույրերի համար մտածված «ունցիալ» տառատեսակի միջոցով։

Կույրերի միջազգային օրվա մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը. «Այսօր կույրերի միջազգային օրն է, և ես առաջին անգամ տարբեր կարգավիճակներով եմ այս օրը դիմավորում՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, Արցախի կույրերի միության նախագահ և պարզապես շարքային կույր: Իրականում բավականին շատ գործ կա անելու կույրերի և ընդհանրապես հաշմանդամների համար մեր միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու և բոլորիս մտածողությունը բարեփոխելու ուղղությամբ, բայց այսօր ինձ համար դրանց մասին խոսելու օրը չէ, քանի որ իմ կարգավիճակով այնպես է ստացվել, որ կույրը պետք է տեսնողների իրավունքները պաշտպանի:
     Մի քանի օր առաջ ընկերներով զրուցում էինք, խոսք բացվեց կարճատեսության մասին, և ամեն մեկը սկսեց «իր դարդը լացել»՝ նշելով -7, -8 ու նման աստիճանի կարճատեսության դժվարությունների մասին: Դե ես էլ մի քիչ լսեցի ու ասացի. «Վա՜յ, խեղճ երեխաներ...»: Այս դարում բոլորը պոտենցիալ կույր են. այնպես որ շնորհավոր բոլորի տոնը: Հաշմանդամությունը դատավճիռ չէ, այլ նոր կյանքով ապրելու հնարավորություն...»:

2244 | 1
Facebook