Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կորուստները փնտրեք դուբայներում «քաշ եկող» ձեր կազմակերպության ղեկավարների կենցաղում». Արմեն Դանիելյան

15:15, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
«Կորուստները փնտրեք դուբայներում «քաշ եկող» ձեր կազմակերպության ղեկավարների կենցաղում». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարոյականության այբուբենը վաղուց հուղարկավորած գազավիկներն ու էլեկտրիկները դժվար հասկանան՝ ինչ է նշանակում համատարած աղքատություն... Գաղտնիք չէ, որ հանրապետությունում և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի սակագինը սարսափելի ուռճացված է և բնական մենաշնորհի ոլորտում ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին օգնել է մեր հասարակության հաշվին ստանալ գերշահույթներ և շարունակաբար բարձրացրել է սակագները... Եվ դա այն պարագայում, երբ այդ կառույցը պետք է պաշտպաներ բացառապես հասարակության շահերը: Տնտեսագետները բազմիցս հիմնավորել են, որ երկու դեպքում էլ սակագինը կարող է նվազել առնվազն 10-ից 15 դրամով... Եվ այսպես` Հայաստանը ՌԴ-ից 1000 խմ գազն ստանում է սահմանին 150 դոլարով, իսկ հանրապետությունում այն իրացվում է կրկնակի թանկ: Այդ գազը շուրջ 6000 կմ գալիս է Հայաստան և դրա արժեքը 150 դոլար է, իսկ սպառողին այն հասնում է առնվազն 300 կիլոմետր տարածություն անցնելով: Եվ այդ փոքր տարածության մեջ հազար խմ գազը շուրջ 150 դոլարով բարձրանում է շուրջ քսան անգամ փոքր տարածությունում: Այդ կազմակերպությունների հիմնավորումներն առ այն, թե կորուստները մեծ տոկոս են կազմում՝ ծիծաղելի է. այդ կորուստները բացառելու համար նախ և առաջ պետք է շահագրգռված լինեն հենց այդ կազմակերպությունները և եթե նրանք չեք կարողանում շտկել այն, ապա ինչումն է հասարակության «մեղքի» բաժինը:

Հ.Գ. Իսկ ես համոզված եմ, որ այդ կորուստները հասցված են մինիմումի, պարզապես այդ կազմակերպությունները կարծում են, թե պետության մեջ կա մեկ այլ պետություն, որը կարող է էլ ավելի ուժեղ լինել, քան պետությունն է: Ցավոք, երկար տարիներ այդպես է եղել...
     Հ.Գ. Այդ կորուստները փնտրեք, ոչ թե սեփական ժողովրդին անվերջ թալանելով և «մեղադրելով» գողության մեջ, այլև վիլլաներ ունեցող և ցոփ կյանքով եվրոպաներում և դուբայներում «քաշ եկող» ձեր կազմակերպության ղեկավարների կենցաղում: Եվ զուտ բարոյականության տեսանկյունից մի փոքր նվազեցրեք ձեր կազմակերպության գլխամասերում աշխատողների աշխատավարձը. դրանք աստղաբաշխական մակարդակի են:

Համեմատության համար ասեմ, որ ԵՏՄ անդամ ՀՀ-ում գազի գինը մեկ խ/մ-ի դիմաց 325 դոլար է, Ղազախստանում` 80 դոլար, Բելառուսում` 180: Իսկ էլեկտրաէներգիայի գինը ՀՀ-ում 10 ցենտ է(1 կ/վ-ի դիմաց), Բելառուսում` 4 ցենտ, իսկ Ղազախստանում` 3,5 ցենտ:

Այլևս գաղտնիք չէ, որ նախորդ տարիներին նաև ձեր կազմակերպությունների միջոցով ամեն ինչ արվել է, որ հայ հասարակությունը դառնա ավելի աղքատ, էլ ավելի կարիքավոր...»:

8116 | 0
Facebook