Հայաստանը չի պատրաստվում իր արտաքին քաղաքականության ուղղվածության մեջ փոխել Ռուսաստանի տեղը: Այս մասին «Московский комсомолец»-ին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացմանը, Տողանյանը նշել է, որ անկախության տարիներից ի վեր համագործակցությունը զարգացել է, սակայն խոսքն այլ հարաբերությունների հաշվին զարգացման մասին չէ:
«Հայաստանը չի փոխել և չի պատրաստվում փոխել Ռուսաստանի դերն իր արտաքին քաղաքականության ուղղվածության մեջ: Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության մակարդակն անփոփոխ է: Բացի այդ, նոր կառավարությունն աշխատում է տնտեսական, մարդասիրական ոլորտներում տարբեր ծրագրերի շուրջ, որոնք ուղղված են հարաբերությունների զարգացմանը»,- ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:
Այդ հարաբերություններին, դեսպանի խոսքով, ոչինչ չի սպառնում: Դեսպանը հավելել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ առավել սերտ համագործակցության մեխանիզմներ է մշակում: