Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

ՏՄՊՊՀ որոշմամբ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվել է 20 միլիոն դրամով

14:50, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
ՏՄՊՊՀ որոշմամբ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվել է 20 միլիոն դրամով

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մամուլի հաղորդագրություն է տարածել. «Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կայացված որոշմամբ «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք՝ 20 միլիոն դրամի չափով: Պատասխանատվությունը կիրառվել է գերիշխող դիրքի չարաշահման համար:

«Արազեն» հայ-գերմանական ՀՁ ընկերությունը, «Վեոլիա Ջրի» պատճառով հայտնվել է ոչ մրցակցային իրավիճակում. վերջինս դադարեցնել է արտադրությունը:

ՀՀ ՏՄՊՊՀ է դիմել «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը, տեղեկացնելով, որ ընկերությունը զբաղվում է ջրաչափերի արտադրությամբ, սակայն «Վեոլիա Ջրի» անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից և այս պահին դադարեցրել է արտադրությունը: Մասնավորապես, ըստ «Արազենի» դիմում-բողոքի, «Վեոլիա Ջուր» ընկերությունը զբաղեցնում է մենաշնորհ դիրք: Վերջինս զբաղվում է նաև ջրաչափերի ներմուծմամբ և տեղադրմամբ: Միայն մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30 հազար ջրաչափ: Գնման գործընթացը տեղի չի ունեցել հրապարակային, և «Վեոլիա Ջուրը» հնարավորություն չի տվել այլ տնտեսվարողների ևս, մասնավորապես՝ իրենց գործելու այդ շուկայում: Մինչդեռ, ջրաչափերի ձեռքբերումը բաց և հրապարակային իրականացնելու պարագայում, իրենք ևս հնարավորություն կունենային առաջարկելու և իրացնելու իրենց արտադրանքը, տվյալ պարագայում՝ ջրաչափերը, որոնց վաճառքի համար ՀՀ-ում այլընտրանքային շուկաներ չկան: Նախկինում, առանց որևէ խնդրի, ընկերությունը համագործակցել է «Երևան ջուր» ՓԲ ընկերության հետ:

«Վեոլիա Ջուրը» ջրաչափերի մատակարար ընկերությունների ընտրությունը կատարել է կամայական սկզբունքներով:

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որպեսզի վերջինս ներկայացնի տեղեկատվություն, թե ինչ չափորոշիչների և սկզբունքների հիման վրա են ընտրվում ջրաչափի մատակարար ընկերությունները: Սակայն, որևէ կոնկրետ չափորորշիչ որպես այդպիսին չի ներկայացվել: Միաժամանակ, հանձնաժողովը պահանջել է, որպեսզի «Արազեն» ընկերությունը ներկայացնի իրենց կողմից արտադրվող բնակարանային ջրաչափերի որակը հավաստող փաստաթղթերը, ինչն արվել է: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, «Վեոլիա Ջուրը», ունենալով մենաշնորհային դիրք, մեր երկրում հանդիսանում է ջրաչափերի նկատմամբ հիմնական պահանջարկ ներկայացնող տնտեսվարողը, հետևապես պարտավոր է այդ շուկայի բոլոր տնտեսվարողների համար ապահովելու հավասար մրցակցային պայմաններ:

«Վեոլիա Ջուրը» ջրաչափերը մինչև 3 անգամ թանկ գնով ձեռք է բերել. անարդյունավետ ծախսը 1 տարվա կտրվածքով կազմել է 100 մլն դրամ

Համաձայն ուսումնասիրության, «Վեոլիա Ջրի» կողմից ներմուծված ջրաչափերը գնային առումով որոշ դեպքերում նույնիսկ եռակի գերազանցում են տեղական շուկայի նույն արտադրանքի գներին: Այսպես` 2017 թվականին «Վեոլիա Ջրի» ներմուծած ջրաչափերի միջին գինը, ըստ տեսակների, կազմել է 8400 և 9500 դրամ, այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում տեղական շուկայում նույն ջրաչափերի միջին արժեքն սկսվել է 3200 դրամից՝ հասնելով առավելագույնը 7000 դրամի: Այս տարի ևս ընկերության կողմից ներմուծված DN 15 մմ տրամագծով ջրաչափերի միջին գինը կազմել է 10 հազար դրամ այն դեպքում, երբ տեղական շուկայում դրանց գինը տատանվել է 3300-ից մինչև 7600 դրամի սահմաններում: Արդյունքում, միայն 1 տարվա կտրվածքով ընկերությունը ջրաչափերի ձեռքբերման համար վճարել է 100 մլն դրամ ավելի, որը հետագայում ներկայացրել է որպես ներդրումային ծախս:

Ստացվում է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը դրսևորել է ոչ ռացիոնալ վարքագիծ. ջրաչափերի ներմուծումներ է իրականացրել առավել բարձր գներով, երբ կարող էր դրանք ձեռք բերել տեղական շուկայում գործող տնտեսվարողներից, տվյալ պարագայում՝ «Արազեն» ընկերությունից: Փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ «Արազեն» ընկերության կողմից արտադրվող ջրաչափերը որակապես բավարարում են բոլոր պահանջներին, այս հանգամանքը «Վեոլիա Ջրի» կողմից երբևիցե կասկածի տակ չի առնվել:

«Վեոլիա Ջրի» վարքագիծը անհավասար պայմաններ է ստեղծել տվյալ շուկայում գործող տնտեսվարողների համար:

ՏՄՊՊՀ որոշմամբ, ոլորտում գերիշխող ընկերության՝ «Վեոլիա Ջրի» վարքագիծը հանդիսանում է օրենքի խախտում: Ընկերությունը պարտավոր էր ջրաչափերի ձեռքբերումներ իրականացնելու ժամանակ ապահովել հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր տնտեսվարողների համար՝ նրանց հնարավորություն տալով մրցակցելու, ինչը չի արվել: Ավելին, գերիշխողի նման վարքագիծը բացասաբար է անդրադարձել ոլորտում գործող տնտեսվարողների գործունեության վրա: Միայն մեկ տարվա ընթացքում «Արազենի» իրացման ծավալները կրճատվել են 60%-ով:

Հարկ է ընդգծել մի էական հանգամանք ևս` «Վեոլիա Ջրի» կողմից անհամեմատ բարձր արժեքով ջրաչափերի ձեռքբերումն այն դեպքում, երբ տեղական շուկայում առկա է եղել նույն որակական հատկանիշներով, սակայն ավելի ցածր գնով ջրաչափ, ֆինանսական առումով եղել է ոչ արդյունավետ ծախս, այն բացասաբար է անդրադարձել նաև վերջնական սպառողների վրա:

| | |
1238 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am