Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Արա Մինասյանը որպես մեղադրյալ չի հրավիրվել Քննչական կոմիտե. փաստաբանների արձագանքը

19:25, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
Արա Մինասյանը որպես մեղադրյալ չի հրավիրվել Քննչական կոմիտե. փաստաբանների արձագանքը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի փաստաբաններ՝ Նյու-Յորք փաստաբանների պալատի անդամ Հայկ Սարգսյանը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Ղազարյանը պարզաբանում են տարածել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի՝ մի շարք լրատվական կայքերին տված հարցազրույցի վերաբերյալ:

Պարզաբանման մեջ ասվում է.

««Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով երբեք որպես մեղադրյալ չի հրավիրվել, նրան նման ծանուցագիր ուղարկելու փորձ չի կատարվել՝ ո՛չ փոստային առաքման, ո՛չ ոստիկանության աշխատակիցների և ո՛չ էլ փաստաբանների միջոցով։ Սույն հանգամանքը հաստատում է նաև ՀՀ քննչական կոմիտեի՝ սույն թվականի նոյեմբերի 2-ին տարածած ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասի» վերտառությամբ հաղորդագրությամբ, ըստ որի՝ նոյեմբերի 2-ին վարույթն իրականացնող քննիչը ոչ միայն որոշում է կայացրել պրոֆեսոր Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այլև զուգահեռաբար նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում, և միջնորդություն է ներկայացրել դատարան մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ։

Պարզ չէ, թե մեկ օրվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու դեպքում քրեական վարույթ իրականացնող մարմինը ինչպե՞ս կարող էր ապահովել պրոֆեսոր Մինասյանի պատշաճ ծանուցումը, դեռ ավելին, այս պայմաններում անհասկանալի է այնպիսի տեղեկատվության տարածումը, թե, իբր վարույթն իրականացնող մարմինը մոտ 20 օր փորձել է ծանուցել պրոֆեսոր Ա.Մինասյանին՝ որպես մեղադրյալ, երբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվել է ընդամենը 2018 թվականի նոյեմբերի 2-ին։

Սույն թվականի նոյեմբերի 1-ին պրոֆեսոր Մինասյանը հրավիրված է եղել հարցաքննության՝ որպես վկա դատավարական կարգավիճակով, իսկ նրա ներկայացուցիչը միայն նշել է, որ չի կարողացել կապվել պրոֆեսոր Մինասյանի հետ։ Քրեադատավարական օրենսդրության համաձայն՝ վկայի փաստաբանը չունի որևէ պարտականություն օգնելու վարույթ իրականացող մարմին վկային հայտնաբերելու ուղղությամբ, իսկ վկայի փաստաբանին ծանուցելը կամ նրա կողմից տրված դիմումը բավարար չէ հավաստելու վկային հայտնաբերելու ուղղությամբ քննչական մարմնի կողմից անհրաժեշտ միջոցառումներ կատարելու փաստը։

Նման պայմաններում պարզ չէ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի կողմից փաստաբանի՝ նոյեմբերի 1-ին տված գրավոր դիմումի վերաբերյալ պարզաբանման նպատակը։

Ինչ վերաբերում է 2018 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 17:30-ին նշանակված դատական նիստի հետաձգմանը, ապա նշենք, որ դատական նիստի ընթացքում մեղադրյալի պաշտպանը հարց է բարձրացրել, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել վարույթն իրականացնող մարմնի և դատարանի կողմից դատական նիստի տեղի և ժամի մասին, ինչպես նաև կալանքի միջնորդություն ներկայացված լինելու վերաբերյալ պրոֆեսոր Ա.Մինասյանին տեղեկացնելու ուղղությամբ, սակայն ստանալով բացասական պատասխաններ և կարևորելով անձի անձնական ազատության սահմանափակման վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությանը տվյալ անձի մասնակցությունը՝ միջնորդություն է ներկայացվել նիստը հետաձգելու և հնարավորության սահմաններում պրոֆեսոր Ա.Մինասյանին ծանուցելու համար։

Սակայն ավելացնենք, որ դատական նիստը հետաձգվել է շատ կարճ ժամանակով՝ ընդամենը մինչև հաջորդ օրն առավոտյան ժամը 10:00-ն։ Ելնելով վերոշարադրյալից՝ պրոֆեսոր Մինասյանի պաշտպանական թիմը փորձելու է իրականացնել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ գործողություններ պրոֆեսոր Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզումն ուժը կորցրած ճանաչելու և այդ մասով նրա խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»:

Նշենք, որ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մի շարք ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, թե 20 օր շարունակ վարույթ իրականացնող մարմինն Արա Մինասյանին ծանուցել էր իր մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու մասին, ուղարկվել են ծանուցումներ ինչպես փոստային ծառայության, այնպես էլ ոստիկանների ու Արա Մինասյանի կողմից լիազորված փաստաբանի միջոցով: «Ժամանակը տրամադրվել էր, սակայն Մինասյանը չէր ներկայացել: Եվ այս բոլոր փաստերը հիմք են տալիս ասելու, որ նա խուսափում է քննությունից»,- ասել է նա:

| | |
1378 | 1