Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի օպերային թատրոնն իր խաղացանկում կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական բալետային ներկայացումը

23:10, չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ.
Հայաստանի օպերային թատրոնն իր խաղացանկում կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական բալետային ներկայացումը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 4-ին և 12-ին տեղի կունենա Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացման պրեմիերան: Այսպիսով, Հայաստանի օպերային թատրոնն իր խաղացանկում կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական բալետային ներկայացումը։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հրավերով լեգենդար պարուսույց-բեմադրիչ, «Չիպոլինո» բալետի առաջին բեմադրիչ Հենրիխ Մայորովը աշխատանքներ է իրականացնում Հայաստանի օպերային թատրոնում: «Չիպոլինոյի» բեմադրման աշխատանքներին մասնակցում է նաև Մայորովի դուստրը՝ Ռուսաստանի Մեծ թատրոնի պարուհի Աննա Մայորովան:

Դիրիժորներ՝ Հարություն Արզումանյան, Կարեն Լավչյան

Բեմադրության և զգեստների նկարիչը՝ Վալերի Լևենտալ /ԽՍՀՄ ժող. նկարիչ/

Բալետմայստերի օգնական՝ Աննա Մայորովա

Բալետային խմբի ղեկավար՝ Արմեն Գրիգորյան /ՀՀ արվեստի վաստ. գործիչ/

Թատրոնի գլխավոր բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան /ՀՀ ժող. արտիստ/

«Չիպոլինո» բալետային ներկայացման դեկորները և հագուստները Ռուսաստանի Մեծ թատրոնից բերվել են մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ:

Խոսելով Հայաստանում «Չիպոլինո» բալետի բեմադրման մասին՝ Հենրիխ Մայորովը ասել է. «Զարմացած եմ, որ Կարեն Խաչատրյանի այս ներկայացումը Երևանում երբևէ չի բեմադրվել: Ինձ համար ավելի հեշտ է թվարկել, թե որ թատրոններում չեմ բեմադրել մանկական այս ներկայացումը և ուրախ եմ, որ շատ շուտով Հայաստանի օպերային թատրոնի խաղացանկում այն նույնպես կլինի: Վստահ եմ, որ հայ հանդիսատեսը շատ կհավանի այն աշխատանքը, որը մենք իրականացրել ենք այս ամիսների ընթացքում: Անչափ ուրախ եմ, որ մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ջանքերով հնարավոր եղավ «Չիպոլինոն» բեմադրել հենց Կարեն Խաչատրյանի հայրենիքում: Դուք հոյակապ բալետային թատերախումբ ունեք, հայ արտիստների հետ աշխատելը մեծագույն հաճույք է: Երևանը յուրահատուկ ջերմ քաղաք է, և օպերային թատրոնի շենքն էլ շատ ինքնատիպ է»:

1974 թվականին Հենրիխ Մայորովին անձամբ կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանն է հրավիրել բեմադրելու «Չիպոլինոն», որի պրեմիերան կայացել է Կիևում։

Հայաստանի օպերային թատրոնն իր խաղացանկում կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական բալետային ներկայացումը
Հայաստանի օպերային թատրոնն իր խաղացանկում կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական բալետային ներկայացումը
18854 | 0
Facebook