Գերմանիայում նախկին բուժեղբայր Նիլս Հյոգելը խոստովանել է, որ սպանել է շուրջ հարյուր պացիենտի, հայտնում է DPA-ն:
Դատարանի այն հարցին, թե համապատասխանում են իրականությանը նրա դեմ առաջ քաշված մեղադրանքները, նա հաստատական պատասխան է տվել:
Դեռևս այս տարվա հունվարին գերմանական Օլդենբուրգ քաղաքի դատախազությունը Հյուգելին մեղադրեց 97 մարդու մահվան համար: Իսկ ընդհանուր առմամբ իրավապահները, հիմնվելով տոքսիկաբանական փորձերի վրա, նրան կասկածում էին 106 պացիենտի թունավորման համար:
2015 թվականի հունվարին Հյոգելին դատապարտել են ցմահ ազատազրկման 2 պացիենտի մահվան համար: Հետո ինքը խոստովանել է, որ Դելմենհորսթի և Օլդենբուրգի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում սպանել է շուրջ 90 մարդու՝ նրանց տալով դեղամիջոցների մահացու չափաբաժին, որ հետո փորձի վերակենդանացնել նրանց՝ իր գործընկերների մոտ հանդես գալով փրկչի դերում:
Նրա հանցավոր գործունեությունն առաջին անգամ նկատել է նրա գործընկերը՝ 2005-ին: Այդ ժամանակ պացիենտը ողջ էր մնացել մահացու ներարկումից հետո, իսկ բուժեղբորը դատապարտել էին 7,5 տարվա ազատազրկման՝ մահափորձի համար: Այդ դեպքից հետո իշխանությունները արտաշիրիմել են մի քանի մարմիններ և հաստատել դեղամիջոցի մահացու չափաբաժնի առկայությունը դրանցում: