Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով, և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ». այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

14:25, երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ.
«Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով, և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ». այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

Կյանքն է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական.

Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական:

* * *

Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,

Զվարթ եղի՛ր, ու այդպիսով բախտի վրա կըխնդաս...

Այսօր հայ բանաստեղծ, արձակագիր, ակադեմիկոս, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդան օրն է: Վարպետը հայ գրականության ու գրաքննադատության մեծագույն դեմքերից է: Ալեքսանդրապոլի Ղազարապատ գյուղում մեծացած Իսահակյանը փոքրուց ներշնչվել է հայրենի բնաշխարհով ու ժողովրդական բանահյուսությամբ: «Ժողովրդի սրտի մեջ շատ բան կա, որոնեցեք և կգտնեք»,- ասել է Իսահակյանը:

Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, իսկ 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան` որպես ազատ ունկնդիր: Գրական գործունեությանը զուգահեռ զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ, ինչի հետևանքով մի քանի անգամ ձերբակալվել է, իսկ 1911-ին տարագրվել է արտասահման:

Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ,

Ալվան-ալվան ծաղիկներ.

Դա՛րդըս լացեք, բաղի բլբո՛ւլ,

Ամպշող երկնուց զով-հովեր...

Նա երկար տարիներ ապրել է օտարության մեջ, սակայն մշտապես հետևել է հայրենիքում տիրող իրավիճակին: Հայերի ցեղասպանությունը հաստատում է Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի քաղաքականության վերաբերյալ: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։ XIX դարի վերջի և XX դար սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որն ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ:

«Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,- ասել է Վարպետը։

«Կյանքը շոշափելի երազ է, երազը` անշոշափելի կյանք»
«Կյանքը շոշափելի երազ է, երազը` անշոշափելի կյանք»

Նա թողել է հարուստ գրական ժառանգություն: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով:

«Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում»,- այսպես է նրան բնութագրել ռուս բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը:

Վարպետը վերջնականապես հայրենիք է վերադարձել 1936-ին: Նա մահացել է 1957-ի հոկտեմբերին` 81 տարեկանում:

Վարպետը թոռան` Ավիկի հետ
Վարպետը թոռան` Ավիկի հետ

«Մի ժողովուրդ, որ ստեղծել է գրականություն, երբեք չի կորչի»

«Մտքի ցելերում սիրտն է սերմնացան»

«Խղճի վերքերը երբեք չեն սպիանում»:

10389 | 1
Facebook